Միջոցառումներ

Մշակութային հոսքի աշակերտները ներկա էին Հովհաննես Զարդարյանի անվան արվեստանոցի բացմանը


Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի  հենակետային վարժարանի մշակութային հոսքի նկարչություն ենթահոսքի աշակերտները ներկա գտնվեցին ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացած վաստակավոր գեղանկարիչ  Հովհաննես Զարդարյանի անունը կրող արվեստանոցի բացմանը: Ներկայացված էին Հովհաննես Զարդարյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքները:

«Նա մեծություն է, որի 100-ամյա հոբելյանը հանդիսությամբ նշում է հայ արվեստասեր հանրությունը: Նրա անունը կրող արվեստանոց մտնելիս յուրաքանչյուր ուսանող ևս մեկ անգամ կկրի այն պատասխանատվությունը, որ ինքը սովորում է այն կրթօջախում, ուր աշխատել է հայ մեծանուն նկարիչը»,-ականավոր գեղանկարչի արվեստանոցի բացման արարողության ժամանակ նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Այսուհետ բուհի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան ստեղծագործելու ՀՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի անունը կրող արվեսատանոցում: Ռեկտորն ընդգծեց՝ հպարտանալու առիթ է, որ 20-րդ դարի հայ ազգային արվեստի դասականների թվին դասվող անվանի նկարիչը մեկ տասնամյակից ավելի ղեկավարել է գեղանկարի ամբիոնը: Այդ տարիներին նրա աշակերտներն էին հայ կերպարվեստի գործիչների մի ամբողջ սերունդ, որոնք ամենուր են և ստեղծագործում են հաջողությամբ: Ռուբեն Միզրախանյանն անդրադարձավ նաև կերպարվեստի բնագավառում Զարդարյանի ունեցած բացառիկ պարգևներին՝ ընդգծելով, որ դրանք մեծ ձեռքբերումներ էին ազգային գեղանկարչության պատմության մեջ:

Հենակետային վարժարանի աշակերտները հնարավորություն ստացան ներկա գտնվելու ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հնարավորություն ստացան դիտել ինչպես Հովհաննես Զարդարյանի, այնպես էլ արդի հայ գեղանկարիչների աշխատանքները:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software