Միջոցառումներ

Ամուր գծանկար, պինդ գույն՝ Ֆաենբերգ Սարգսյանի ստեղծագործություններում


Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտատեխնոլոգիական Ակադեմիայի ակադեմիկոս Ֆաենբերգ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությունը նվիրված էր նկարչի 70-ամյա հոբելյանին:  Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի մշակութային հոսքի (նկարչություն ենթահոսք)  10-րդ դասարանի աշակերտները: Նրանց ոգևորվածությունը մեծ էր. ցուցադրության էր ներկայացված գեղանկարչի շուրջ 55 աշխատանք. դրանք տարբեր տարիների ստեղծագործություններ էին՝ ինքնադիմանկարներ, նատյուրմորտներ, ուժի և գեղեցկության, պայքարի և մտորումների վերաբերյալ: Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ներկայացված ստեղծագործություններում ամբողջությամբ արտահայտված են արվեստագետի ձեռագիրն ու հոգեբանական մոտեցումները: Վարժարանի սաները  մասնակցեցին նաև գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսին: Աշակերտներին ծանոթացրին գեղանկարչի աշխատանքների յուրահատկություններին ու կատարողական ոճին: Անդրադառնալով միևնույն հարկի ներքո Ֆաենբերգ Սարգսյանի և նրա ուսուցչի՝ Ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցադրություններին՝ Արա Հակոբյանը հավելեց. «Մի ադամանդ ծնում է մեկ այլ ադամանդ: Այս հոբելյանական ցուցադրությունը կարծես ունի տրամաբանական շարունակություն, քանի որ Ֆաենբերգ Սարգսյանի սաներից շատերն արդեն Նկարիչների միության անդամ են»: Աշակերտների հետաքրքությունը մեծ էր. նմանատիպ այցելությունները շարունակական են լինելու:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software