Միջոցառումներ

Անկախության 25 ամյակը վարժարանում


Սեպտեմբերի 19-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում (ավագ դպրոց) տեղի ունեցավ միջոցառում-բանավեճ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Հետաքրքրականը ցերեկույթի ձևաչափն էր. մասնակիցները բաժանվել էին երկու խմբի և բանավիճում-քննարկում էին անկախության ձեռքբերումների ու բացթողումների շուրջ: Կողմ խումբը փորձում էր հստակ փաստերով ներկայացնել քսանհինգ տարվա ընթացքում ՀՀ-ի ձեռք բերած նվաճումները, իսկ դեմ խումբը մատնանշում էր բացթողումներն ու թերացումները, որոնք եղել էին այս տարիներին: Աշակերտներն իրենց ստացած գիտելիքների օգնությամբ փորձեցին փաստել, որ և՛ առավելությունները, և՛ բացթողումները բնորոշ են զարգացող բոլոր երկրներին: Հանդիսավար Հենրիկ Ումրոյանը հայտարարեց. <<Բացթողումներն ակնհայտ են, բայց դրանք հնարավոր է ուղղել, և ուղողները մենք ենք, մենք ենք անկախության սերունդը, մենք ենք ապագա մարզիկը, գիտնականն ու զինվորը, պետք է սիրենք մեր հայրենիքը, մնանք մեր երկրում ու բացթողումներից ձեռքբերումներ կերտենք>>: Քննարկումն էլ ավելի հետաքրքիր դարձավ հանդիսատեսի ակտիվ մասնակցության և առաջադրված հարցերի շնորհիվ: Միջոցառման ընթացում հնչեցին նաև երաժշտական համարներ, հայրենասիրական երգեր:

Տնօրեն տիկին Նաիրա Սաֆարյանը, ամփոփելով միջոցառումը, նախ շնորհավորեց բոլորիս Անկախության տոնի առթիվ նշեց, որ մեր քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը անկախության սերունդն է, սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների, սերունդ, որ ավելի կրթված, ավելի բանիմաց ու ազատակամ է և պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է հերոսի նման: Եվ վերջում շնորհակալություն հայտնեց բովանդակալից և ոգևորիչ միջոցառման համար:

 

  

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software