Միջոցառումներ

Ափ ենք հասնելու․․․


Անթիակ նավերով դուրս գալ մեծ օվկիանոս ու դափ-դատարկ ձեռքերով թիավարել․ սա է ուսուցչի առաքելությունը հիմա։

Չարաղետ մի դիպված աշխարհը կանգնեցրեց մեծ անդունդի եզրին, և մարդիկ սկսեցին մտածել՝ ինչպես հաղթահարել անդունդը։

 Մարտի դաշտ դուրս եկան բժիշկները։

Ամեն մեկն իր ոլորտում ձգտում է անել ամենը՝ մեկ միասնական պայքարով ընդհանուր թշնամուն  հաղթահարելու նպատակին հասնելու համար։

 Քաջհայտնի առիթով բոլորս անցանք հեռավար ուսուցման։ Վերջինիս համար ոչ այնքան պատրաստ կրթական բոլոր հաստատությունները  թևակոխեցին նոր ու թռիչքային զարգացումների փուլ։

ՀՊՄՀ հենակետային վարժարանը ևս իր բոլոր ուժերը ներդրեց նոր մարտահրավերը պատվով ընդունելու համար։

 Ուսպլանը հնարավոր բարձր արդյունավետությամբ իրականացնելու համար  անմիջապես անցանք առցանց հարթակ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած համացանցային գործիքները։ Կարճ ժամանակ անց համալսարանի ASPU  հարթակը մեկ միասնական ուսումնական դաշտի հնարավորություն տվեց, և աշխատանքները շարունակվում են էլ ավելի կանոնակարգված ու որակյալ։ Ուսուցիչները շատ արագ վերապլանավորեցին ուսումնական ծրագրերը և փորձեցին հարմարեցնել կրթական նոր ձևին։

Առանձին դասարաններ  ստեղծեցին սոցցանցային խմբեր՝ արվեստի աշխատանքները և տանը մնալու ընթացքում հետաքրքիր նյութերի ծանոթանալու մասին հրապարակելու ու հանրայնացնելու համար։ Նախկինում ճանապարհի վրա  ծախսվող ժամանակը փորձեցինք օգտագործել նպատակային․ միասին նույն ժամին դիտել առցանց ներկայացումները, հայկական ֆիլմեր, լսել երաժշտություն, ծանոթանալ մեծ կոմպոզիտորներին ու առհասարակ արվեստագետներին։

  Հասկացանք՝ 45 րոպեն շատ էր նեղ մեզ համար։ Վերագնահատեցինք ժամանակը։ Հաղթահարելով  չորս պատի մեջ մնալու հոգեկան անձուկը՝ բացը լրացնում ենք լրացուցիչ կրթությամբ։

Բարդ է, բայց ոչ անհնար։ Մենք որոշեցինք՝  կիսով լցված բաժակի լիքը կողմը տեսնել այս ամենում։

Ուրեմն՝ բժիշկներից հետո մարտի դաշտ դուրս եկան ուսուցիչները։

Հպարտությամբ նշենք, որ ՀՊՄՀ հենակետային  վարժարանի ուսուցիչները և համալսարանի դասախոսները ստանձնեցին այս օրերին ՀՀ բոլո՛ր աշակերտներին մասնագիտական օգնությամբ օժանդակելու գործը՝ մասնակցելով ԿՏԱԿ-ի կազմակերպած հեռավար դասընթացի նկարահանումներին։

Այսպիսով՝ անտեսելով բոլոր դժվարությունները՝ և՛ ուսուցիչ, և՛ աշակերտ կանխեցին կրթության շարունակականությանը սպառնացող բոլոր վտանգները։

Օր օրի ավելացվող նոր առաջադրանքները ճիշտ ժամկետներում կատարելով, կատարված աշխատանքի վերաբերյալ պարբերական վերլուծություններով ու հաշվետվություններով՝  մոտենում ենք ուստարվա ավարտին։

Վերահամոզվեցինք՝ ցանկացած պատերազմում մարտի դաշտում եթե կռիվ է տալիս մտավորականը՝ բժիշկն ու ուսուցիչը, ուրեմն՝ հաղթանակը մեղմ ասած անխուսափ է։

 Մենք անթիակ նավով բաց օվկիանոս դուրս եկանք, մեր ափերը ամուր թիակներ սարքեցինք ու շատ էլ լավ լողում ենք․ ափ ենք հասնելու։

 

Վանուհի Բաղրամյան

2020 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software