Միջոցառումներ

Ապագան հուսալի ձեռքերում է


Մեծ պատասխանատվություն է ուսերին կրել ու տանել անկախությունը պահելու ահռելի ու պատվաբեր գործը։ Մենք կարող ենք դա։ Մայիսի 18-ին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում, հասարակագիտության ուսուցչուհի Մերի Վենգրժանովիչի նախաձեռնությամբ կայացավ մի ինքնատիպ և հուզիչ միջոցառում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին: Վարժարանի սաները հանդես եկան ազգային երգ ու պարով, հատուկ բեմադրությամբ՝ կերպարանավորելով ժամանակի կարկառուն և մեր անկախությունը նվաճած անձանց, մեջբերեցին հետաքրքիր փաստեր և տեղեկություններ: Այդ ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ էկրանի վրա տեսնել այն բոլոր դեպքերն ու իրադարձությունները, որ տեղի էին ունեցել Առաջին հանրապետության տարիներին: Միջոցառման ավարտին իր գոհունակության խոսքը հայտնեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, ով շնորհավորեց Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակի առիթով և հիշատակեց այն բոլոր հաղթանակները, որ հայ ազգը ունեցել է մայիս ամսին: <<Հավերժ փառք ազգի բոլոր նահատակներին, զորացում և բարիք ապրող քաջերին: Թող որ հայ ժողովուրդը միայն մայիսներ՝ հաղթանակներ տոնելու, հաղթանակի շուրջ համախմբվելու առիթներ ունենա՝ երբեք ու երբեք չունենալով նոր ապրիլներ…>>,-նշել է տնօրենը: Աշակերտների վստահությունն ու հայրենիքի նկատմամբ նման վերաբերմունքը վստահաբար երաշխիքն է այն բանի, որ ապագան հուսալի ձեռքերում է։

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software