Միջոցառումներ

Աշակերտն ու ուսանողը նույն հարթության վրա


Մարտի 14-ին համալսարանի գիտական խորհրդի նիստում հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս. Դանիելյանն ամփոփեց արդեն երկրորդ տարին անցկացվող  Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցույթի արդյունքները: Այն հովանավորում է բանաստեղծի եղբորորդին` բարերար Հովհաննես Չիլինկիրյանը: 

Մանկավարժական համալսարանում մրցույթի մասնակիցների թվում էր նաև վարժարանի հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանը:

Մրցանակը շնորհվեց չորս հոգու, որոնցից երեքը բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ էին, իսկ հատուկ խրախուսական մրցանակը Միլենայինն էր:

Միլենան ներկայացրել է վերլուծական խոհագրություն` շեշտը դնելով Ռուբեն Սևակի հեթանոսական, քրիստոնեական մտածումների վրա, նրա փիլիսոփայական բանաստեղծությունների, կենսագրական հետաքրքիր պատմությունների վրա, որոնցում երևում է մեծ բանաստեղծի մեծ մարդասեր լինելը: 
Նա Ռուբեն Սևակ գրողին ուսումնասիրել է ինքնուրույն, քանի որ գրողը զետեղված չէ դպրոցական   ծրագրում: Սա Միլենա Բարսեղյանի հերթական  հաղթանակն էր, որի համար նա շնորհակալ է համալսարանին՝ մրցույթի կազմակերպիչներին և հովանավորին, երախտապարտ՝ վարժարանին ունեցած հնարավորությունները մրցակցային դարձնելու ու լավագույն ձևով ներկայանալ կարողանալու համար:

Վստահ ենք՝ համալսարան-վարժարան այս կապը և ուսանողների հետ առողջ մրցակցային հարաբերություններն ու հնարավորությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, նոր հորիզոններ բացում աշակերտների համար, այլ նաև խթանելու են նրանց ստեղծագործական միտքը և կայունացնելու հավատը՝ աշխատանքը միշտ արժևորված է:

                                                                                          Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի

                                                                                       հենակետային վարժարանի

                                                                                       հումանիտար /լրագրության/ հոսքի

                                                                                       11-րդ դասարանի աշակերտուհի

                                                                                       Միլենա Բարսեղյան

 

                                                 Նախաբանի պես

 

Հանդգնում եմ:

Արարման խորհրդի սքանչացումից, երազի ու իդեալի հետ ապրելու անհասանելիության գիտակցությունից, մարդուն ճանաչելուց, ազգը ճանաչելուց մինչև տիեզերական հարցադրումներ։

 

«Հին աստվածներու քայլովը»  առաջ գնալուց ու որպես՝ մեր գոյությանը գթորեն ձեռք մեկնող հեթանոսական վրեժի աստվածներին վկայակոչելուց մինչև «Փառք Տեառն»։

Մի կողմից աղոթք է ասում ազգի փրկության համար, մի կողմից այս ոհմակային աշխարհում ազգային գոյը պահելու համար սուր ու սվին ու վրեժ է փնտրում:

Ուրեմն մեր աստվածն էլ է՞ հեթանոս։

Հանդգնում եմ. միայն չակերտներով, միայն գեղարվեստորեն, գաղափարական։

Սա Ռուբեն Սևակի իմ ընկալումն է:

 

Աստծո կրոնը՝ հեթանոսություն

 

1․ Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:  Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:  Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:  Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:  Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:

 

Սկիզբը սա է։ Կյանքի սկիզբը, արարման խորքը, մարդու գիտակցության, դեռ կաղ-կաղ քայլելու և կյանքը ապրելու սկիզբը սա է՝ լույսի ծնունդը։ Երբ կարողանաս լույսը բաժանել խավարից, տարբերել մթության շշուկն ու լույսի բղավոցը, այն ժամանակ արածդ գործ է, իսկ գործն անմահ է։

Թե որ երգեմ լույսն ու մութին,

Ի՞նչ փույթ, թե մահն է քայլ մ’ անդին...

Եթե «ի՞նչ փույթ», ուրեմն ինչպե՞ս Ռուբեն Սևակը լույսն ու խավարը տարբերեց։ 1909 թվական: Ադանա: Կատարված արնահեղությունից հետո գլխի ընկավ, կանխազգաց ու բղավեց, որ երիտթուրքերից սպասելիք վտանգ կա։

Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.
– Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.
– Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
– Ջարդն է, դուռըդ բաց:

Հայը հյուրընկալ է, նրա դուռը միշտ բաց է։ Ռուբեն Սևակն էլ զգուշացնում է, որ հերթական հյուրը ջարդն է, դուռը բանանք (դուռը բանա՞նք)։ Մեր դռները բաց են, վերքերը թաց են․․․

Գրողը ռեալ տեսնում էր, թե ինչ է սպասվում. նա չէր ողբում, նա գոռում էր՝ հեթանոս աստվածներին խենթահար կանչելու չափ բարձր։ Բանաստեղծությունը վերնագրված է «Հայաստան» և գրված է 1909-ին։ Այդ ճակատագրի կրողը Հայաստանն էր։

Հեղինակներ կան, որ փշաքաղեցնող վերնագրեր ունեն, և կան շատ վերնագրեր, որոնք օգտագործվել են քանիցս։ «Հայաստան» վերնագրով շատ բանաստեղծություններ կգտնենք, սակայն Ռ․ Սևակի այս քերթվածը բնորոշում է դեռ այդպիսին դառնալիք Հայաստանը։

Բանաստեղծության մեջ Ղարիպ բառը հայի հոմանիշն է։ Ոչ միայն բանաստեղծության մեջ: Դեռ Քուչակից գիտենք՝ պանդուխտ լինելը անհրաժեշտություն լինելուց  հետո էություն դարձավ մեզ համար։

Սով․ հոգեվիճակ է, կարիքից բացի, նաև չարիք է, որովհետև սոված մարդը (հոգեպես սոված մարդը) ոչ մի բան տեսնել չի կարող։ Համամարդկային սովը չարիքներից մեծագույնն է, իսկ մեր երկիրը կանգնած էր այդ շեմին, Ռուբեն Սևակն էլ ահազանգում է, որ սով է․ սով խաղաղության, այն ժամանակ եղած և այս ժամանակ չլինող՝ դրախտի սով։ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով...». կգա՞, թե՞ կվերադառնա, որովհետև այն եկել էր վաղու՜ց։

«Փողոց ավլողն էլ» պետք է արժանապատիվ լինի, անքաղց, որ «ստրկության սակագին» չմուրա: Այ, էս է ասում մտավորականը:

Ջարդ․ ծմակ է, որտեղ արև չի ընկնում։ Արևի, լույսի պակասից էլ լինում է ջարդը՝ կոտորածն անգութ։                              

  Լինելիք սպանդը նախաբան ուներ: Ռ. Սևակը զգաց, որ մահն է մոտ, երկրի մահը։ Զգաց, չէ՞ որ լույսն ու խավարը տարբերում էր։

(Որ չտարբերեր, իր դստեր՝ Շամիրամի կնքահայրը Կոմիտասը չէր լինի)։

 

2․ Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից:  Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:

Տարածությու՞ն է երկինքը։ Անհասանելի, անծայր, երկրային մարդուն անհաղորդ մի ուժ, որը կառավարում է, և որը թելադրում է երկրին։ Ռուբեն Սևակի «Կարմիր դրոշակը» (կարմիր դրոշակը նու՞յն հեղափոխության դրոշակն է) բանաստեղության երկրորդ տողում ասվում է․

«Անոթինե՜ր, անգործներու կո՜ւռ բանակ,

«Փոս աչքերնիդ դեպի երկինք զո՜ւր բանաք»...

Երկնքից օգնություն խնդրելն իզուր է, մեր փոխարեն երկինքը ոչինչ չի անելու, երկնքից ինչ-որ բաներ միայն հեքիաթներում են ընկնում․ օրինակ երեք խնձոր․․․

Ժողովուրդն է պայքարու՞մ, թե՞ ամբոխը: Ո՞ր ճանապարհն է արդարություն տանում: Տանու՞մ է, թէ՞ ոչ: Սա հուսահատության պես է:

Երկինքը անվախներինն է, ովքեր որոշում կատարելուց, ընտրությունից չեն վախենում և հավատալ գիտեն․ օրինակ թռչունները։ Մաթևոսի ավետարանի 6-րդ գլխում էլ երևում է թռչունների հավատավոր և երկնքին արժանի տեսակը․ «Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց.»։

Ռուբեն Սևակը նկատեց՝ անգործներու կուռ բանակ կա, որոնք ձգտում են աչք գցել երկնքին, կարելի է ասել նույնն է թե Աստծուց խնդրել և այդպես սպասում են, հետո բողոքում՝ թե ինչու խնդրանքը չի կատարվել։ Կատարվելու համար դու անգործների կուռ բանակից չպիտի լինես։

Ռ. Սևակն ասում է․

-Հազար մահով ծանր՝ Կենդանի-Մա՜հն են

Ապրող հայերը․․․

Ապրո՛ղ հայ եղիր, ոչ թե անգործ, որ երկինքը օգնի։

Չէ՞ որ այդ անօգ ժողովրդի հանդեպ կարեկցանք ու ցավ, մե՜ծ ցավ կա հեղինակի հոգում: Նրա մարդասիրությունն է այդպիսին:

 

3․ Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ:

Միամի՜տ վտակ, դարերե ի դար

Դուն մամռոտ ճամբեդ կ’ երթաս անմոլոր.

Ու երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝

Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,

Երկու քարի մեջ կ’ երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.

Արցունքէ մարմինդ կը վարես անվերջ,

Գիշերներու մեջ միայնակ, արթուն,

Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ

Կ’երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն…

Ջուրը կենդանացնում է և անմահացնում, նույնիսկ վերակենդանացնում է, չէ՞ որ ջրով են կատարվում սուրբ մկրտությունները, որոնք հոգևոր աշխարհ ու քրիստոնեական հավատ են ծնում մարդու մեջ: Ջուրը կանաչություն է: Ջուրը հեթանոսական պաշտամունք է: Տեսնում եք՝ կրոննե՞րն անզոր են նրա առեղծվածի դեմ, որ տիեզերական խորհուրդ ունի:

 Ահա ջրի զորությունը։ Գրողը փառաբանում է, ընկալում և գնահատում է այդ ուժն ու դերը։

Ինչու՞ ծնվել, ինչու՞ ապրել, ինչու՞ մեռնել («Մարդերգություն»): Մտածել է, մտածել է, մտածել է ու որոշել երնե՜կ տալ վտակին, որը «արցունքէ մարմին է՝ անսկիզբ ու անվերջ, անվախճան»։

                             Ու երբ այս տողերն մրոտող նիհար

Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,

Ուրիշ քերթող մ’ ալ, ինձի չափ հիմար,

Պիտի գա հարկավ երգերըդ վայրի

Հանգի, չափի տակ առնելու համար:

Չնայած գրողական հասուն համակերպում, ավելի ճիշտ՝ իրականության ճիշտ գնահատական կա «գյուղական գերեզմանատան մեջ», որի միապետը մեկն է, միևնույն է մարդու հոգին ձգտում  է անմահության:

                             Մինչև հավերժորեն կյանքո’տ, զվարթո՜ւն,

Պիտի կարկաչե քու ջուրըդ մշտաշարժ՝

Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն…

Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.

Վտա’կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:           

Ջրի նման «մշտաշարժ»  ազգ ենք։

«Տեսանք նաև, որ արևելյան մինարեթի  դրախտում գերմանական ծխնելույզներ ծխացին, և մի հեռու ձայն երգեց, որ պետք չէ լալ դատարկ փառքերի կարոտից, այլ երկնել հաղթության երգեր: Եվ եղան  ազգեր, որոնք Նոյի տապանի վրա կնքեցին՝ Մա՛հ հային, բայց չտեսան մյուս երեսը, որի վրա գրված է Անմահություն:»

Ջրի նման «անմահ»  ազգ ենք։

 

4․ Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները,  թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր:  Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ:

Լույսն ու խավարը տարբերակող մեծանուն գրողը չէր կարող անտարբեր մնալ գիշերվա խորհրդի և առավել գերազանցող՝ արևի, ցերեկվա նկատմամբ։ Գիշերը Լուսինն է հսկում, ցերեկը՝ Արևը։

«Գիշերն իջավ». Այստեղ նա գտնում է ապրելու՝ իր երջանկությունը․

Գիշերն իջավ անամպ, անհուն,

Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն

Տալ անուրջի այս սուրբ պահուն.

– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Հիշում եք՝  լույսը բղավում է, խավարը շշնջում․ ահա այս քառատողի վերջում էլ տեսնում ենք գիշերային շշուկի երջանկությունը։

Կանէանա նավն հեռակա,

Լիճն երազ մ’ է, կա ու չըկա.

Ջուրի շշունջն է լոկ վըկա,

– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերջինում հստակության, կայունության և կանգ առնելու, քարանալու երջանկությունն է։

Ու կձայնե մատուռն հստակ.

– Սա ծերունի ծառերուն տակ,

Այս քաղցրության մեջ բովանդակ

Քարանալո՜ւ երջանկություն…

Իսկ այ ցերեկը, լույսը, արևը, այնուամենայնիվ, հակադրվում են գիշերվա հետ, և ահա կնոջն ուղղած նամակում ասում է․ «Հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե և այժմ միայն մի բան կցանկանայի՝ Արև»:

 

  1. Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ:

 Մարդածին որոշումները անզոր են փոխել այն ամենը, ինչն ամփոփված է Բնության մեջ։ Բնության հաշվին կյանք կա, և բնությունն է կյանքը։ Բոլոր գրողները սիրում են բնությունը և տեսնում են բնության մեջ աշխարհի բոլոր զգացմուքները, գտնում են հանգստություն ու համեմատելու լայն շրջանակ։ Կյանքում ամեն ինչը նմանեցնում են բնության տարրերին․ օրհնվի օր հինգերորդը, որ ստեղծվեց կենդանական և բուսական աշխարհը։ Երակներով գետեր  են հոսում, սրտերում սարեր են ամուր, հոգում կենդանիներ են վազում․․․

«Կեանքը բնութեանը միանալով է դառնում կեանք»,-ասում է բանաստեղծը:

Արդեն բնորոշել ենք թռչուններին՝ որպես հավատավոր և երկնքին արժանիներ։ Նրանք օրինակ են ազատության, խաղաղության, միամիտ ու խոցելի կետի։ Եվ ահա Ռուբեն Սևակն իր «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» գրքի «Այլասերում» հատվածի մեջ հե՛նց թռչունների հետ է համեմատում մեզ՝ հայերիս։

«Թռչունի պէս վիրաւոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարօտ՝ իր թեւերը նորէ՛ն բանալով միջոցին մէջ արծիւի պէս սաւառնելու համար։ Իսկ մեր ընկերաբանները թո՜յն կը փչեն բոյներէն ներս, ու մեզ կը խօսին այն տարտամ ապագաներուն վրայ՝ ուր ազգ ու հայրենիք ու ընտանիք կը լուծուին համաշխարհային միջազգայնութեան մը մէջ…»:

Փոքրիկ վիրակապի կարոտ հայ ազգի մասին շատ դիպուկ և անկեղծորեն նկարագրված է «Այլասերում»-ի մեջ։

«Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք։

Մեզի կարմիր ու մսուտ շուրթներով, ուժեղ ու ժպտուն գրականութիւն մը պէտք է։

Մեզի առողջ ու երիտասարդ մտաւորականներ պէտք են։ Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգն՝ իր մտաւորականներէն։ Անո՛նք են ցեղի մը գլուխը»։

Լույսն ընտրողի խոսքերը։ Մտավորականությանը, գրականությանը անվանում ենք նաև լուսավորություն։ Ռուբեն Սևակը լույս է բղավում, արդեն քանիերորդ անգամ նա գրում է՝ ինչ է պետք հայ մարդուն։

«Մանուկի պէս տգէտ ցեղ մը ուսման կաթին է կարօտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին որ հիւանդներն իսկ կարենային մարսել։ Իսկ մեր համալսարանականները, որ մեր մտաւոր ստնտու մայրերը պիտի ըլլային, դեռ կերածնին չմարսած կու գան մեր առջեւ փսխելու…

Չէ՞ք տեսներ արդէն թէ ի՜նչպէս շատ մը գրագէտներ լիրբ քաջութիւնը ունին յայտարարելու թէ իրենք ժողովուրդին համար չէ՛ որ կը գրեն»։

Լռել են, լռում են այն մտավորականները, որոնց խոսքն ամենաշատն է անհրաժեշտ: Իսկ մենք  «զանգակների»  կարիք ունենք, այն էլ հեթանոսական տաճարներում կյանք, վրեժ, վրեժ, վրեժ երգող  զանգերի:

Զանգակնե՜ր, բարի՜, բարի՜ զանգակներ,

Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն,

Խոսք ելլել կ’ուզե արյունը վազուն…

Կը լռե՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ։

Լռում են... նույնիսկ այն ժամանակ, երբ հեղինակն անճար է.

 «Տղու մը պարզ ու վճիտ հոգին ինչպէ՞ս կրնայ տխուր ըլլալ, քանի որ յուսահատութիւնը խիստ բարդ հոգեբանութիւն մը կ՚ենթադրէ։»

Լռում են․․․

Լուռ եք, զանգակնե՜ր, Աստուած է մեռեր։

Գույժ տվեք վաղվան, զի հասկը մեռավ.

Գույժ տվեք հայուն, զի ազգը մեռավ։

Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…

Աստված է մեռեր. վերացավ սերն ու խաղաղությունը։ Զի հասկը մեռավ. շունչ չկա այլևս, հացի պետք չկա․․․ իսկ հացը սուրբ է։

Ինչպե՜ս կ’ուզեի ես ձեր պարանին

Կախվիլ ու ցնցել երկաթ բազուկով.

Անոնք, որ ինկան բյուրով, քովե քով,

Ձեր ղողանջին հետ՝ լալու պետք ունին…

Նոր լռություն պետք է ստեղծել, այս մեկն արդեն բազմանշանակ է, գուցե զանգակները արդեն անտեսել են, գուցե երես են թեքել․․․

Ասում են՝ Հայկական լեռնաշխարհը ճիշտ այն տեղում է, որտեղ դրախտն էր, եդեմը։ Դրախտով հոսող չորս գետերից երեքը Հայկական լեռնաշխարհով են հոսել։ Ուրեմն՝ «Բայց ես լավ գիտեի, որ ես զավակն եմ այն ժողովրդի, որն ալևոր Արարատի փեշին առաջին կյանքի երկնային խինդով ջանաց կյանք տալ այս խավար աշխարհին: Ես լավ գիտեի, որ եկավ արի ցեղը, հպարտ ու դեռ հեթանոս քաջ ցեղը և երգեց իր երգերը, հողի պես բեղուն, լույսի պես բարի, հովի պես ազատ, աստղի պես անշեջ իր երգը: Մենք՝ հայերս, անմահության սերմն ունեինք մեր մեջ, չէինք ճանաչում ստրկություն ու լուծ, ցանում և հող էինք ոռոգում, մեր սայլերի վրա անպարտ թագեր էինք բերում որպես ռազմավար, պողպատի սրեր շողշողացնում:»

Լևոն Գալստյանի «Չարտասանված Նոբելյան ճառ» ստեղծագործությունից է։ Իմացած լինենք՝ այսպիսի  չարտասանված ճառ ունի Ռուբեն Սևակը։

Բնության ներգործությունն ակնհայտ է։ Բայց այս անգամ ոչ թե Նրա չքնաղություն ու աստվածատուր պատկեր, այլ «բնականություն», որ սկսվում է մարդուց՝ հասնելով տիեզերական լայն ընդգրկումների. Ուրեմն՝ հռետորական են բանաստեղծի՝ կյանքի ու մահվան մասին գորդյան հանգույց հարցերը:

Ռուբեն Սևակը «խոսել է» շատ կենդանիների հետ և ցույց տվել իր հոգատարությունը։

Սա այլբանություն է կամ նեոռոմանտիզմ։ Հեղինակը սիմվոլներ է գտնում, որոնք գրականության մեջ միջոց են՝ խնդիրը ցույց տալու համար։

Անձրեւին տակ կը քալէ․ ծե՜ր, ամեհի՜։

Էգ բորենին։ Վերջին օրն է, կը վախի։

Վա՜րժ ապրելու միշտ ուրիշի մը մահով,

Իր դիակին կը ցանկայ վա՜յր մ՛ապահով։

Պատերազմային պայմաններում հայերը սովորել են արդեն իրենց աչքով մահ տեսնելուն, վարժվել են կորուստներին։ Այդ բոլոր վայրենությունները անձրևում են անդադար, անսեզոն։ Սարսափելի է զգալ վերջին օրը, մահվան օրը։ Բոլորն էլ իրենց համար հանգստություն են փնտրում, ցանկանում են ապահով մի վայր իրենց ամփոփելու համար։

Հետաքրքիր է գրվածքի ձևը։ Վերջակետը թույլ է տալիս ոչ միայն երկար դադար զգալ, այլ ավարտ։ Ծեր ու ամեհի ածականները վերաբերում են բորենուն, բայց առանձնացված են, որովհետև կրում են ուրիշ իմաստ, բորենուն համարժեք, բորենուն հոմանիշ իմաստ։ Էգ բորենուն բնութագրում է ոչ թե ծերությունը, այլ հավասար իմաստ է տալիս։ Ավարտին մոտ բորենի․․․

 -Լու՜ռ ուղեւոր․ տարիներով դիակներ,

Խողխողելով սուր ժանիքներդ են մաշուեր․

Ու կը դողաս մահէն, մինչ Մա՜հ է անունդ։

«Այնքան ցավ է տեսել, նենգ ու դավ է տեսել», որ մաշվել են սուր ժանիքները խողխողելով։ Մահից վախենալով՝ դեպի մահը կամավոր գնացող հայ․․․ Մա՜հը։

Ռուբեն Սևակի ստեղծագործություններում շատ են հանդիպում մեծատառով  գրված հասարակ գոյականները ։ Սա հնարք է՝ ուշադրությունն այդ բառի վրա կենտրոնացնելու, կամ էլ՝ այդ բառը, իմաստը փառաբանելու, մեծարելու, հատուկ դարձնելու։  Այս դեպքում մահը վեհաշուք, մեծարված ու իմաստակիր բառ է, երևույթ է։

Մահը բնական երևույթ է, բնության երևույթ է, բնությանը ձուլվելն է։ Հողին են խառնվում և հող դառնում, իսկ հողը մայր է, ծնող է։ Այսպիսով բնության և մահվան կապը սերտ է, դրա համար էլ Ռուբեն Սևակի մոտ մահվան և բնության համեմատությունները զուգահեռներ ունեն։

«Մահուան» չե՛մ ըսեր, որովհետեւ հիւանդութենէ մը մեռնիլը այնքա՜ն անբնական ու անիրաւ է, որքան արկածէ մը մեռնիլը։

Բոլո՛ր երկիրներու ախտաւորներ, իրարո՛ւ միացէք, ձեռք ձեռքի տուէք, կազմակերպուեցէք մե՛ծ յաղթութեան, Կեանքի՛ն յաղթութեան համար…։

          Անողոքաբար մեր երեսին  շխկացնում է այն, ինչ բոլորս գիտենք, այն, ինչի հանդեպ գոցել ենք ականջ, աչք և սարսափելիորեն՝ միտք:

        Դէ՜հ, կեանքին՝ մահն օրէնք դրեր է Աստուա՜ծ․․․ 

          Օր հինգերորդը՜․․․

 

  1. Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:  Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

  Աճեցի՜ն, բազմացա՜ն․․․ Ի՞նչ է մարդը, եթե ոչ Աստծո ստեղծած հերթական մի արարումը, այն էլ վեցերորդ օրը, այն էլ՝ կենդանիների ծնունդից հետո։ Մեր լացի ու տառապանքի մեջ այն լուսավոր ճշմարտությունն է, որ ինչ էլ լինենք, հավետ հիշում ենք, որ մարդ ենք։

Հարց եմ տալիս. մենք էլ հրեաների պես ինչո՞ւ աշխարհին չտանք հայ հանճարներին, որոնց գոյությամբ այս խրոխտ Եվրոպան հպարտանար, և համայն մարդկությունը մեկ բանով պարտական ու երախտապարտ լիներ մեզ: Կես-հանճարնե՞ր — որքան ուզես: Բայց երբ փոքրիկ ազգի մտավորական բանակը միայն փոքրիկ տաղանդավոր տկարներով է ապրում, անհանդուրժելի ու դատապարտված ցեղի է վերածվում: Զգուշանալ է պետք: Եվրոպան, որ հնչեցնում է այլասերման ահազանգը, երիցս հուշում է մեզ, որ այդ սարսափելի ախտը բոլորից առավել մե՛զ է սպառնում՝ իբրև հին ազգի: Եվ մենք փոխանակ արմատախիլ անելու, տգիտորեն ընտրում ենք ախտավարակ ծիլերը և դրանք ենք միայն մշակում:

Մարդուն մարդն է փառք տալիս, մարդուն մարդն է կործանում, Աստծո առաջ բոլորս հավասար ենք, մենք էլ հավասար ենք մյուս արարվածներին, մի տարբերությամբ՝ մեր մեջ հոգի կա։ Բայց կարդալով Ռ․ Սևակի «Կարապները» բանաստեղծության բնաբանը, որը հեղինակը  մեջբերել է Արբեր Սամենից, կասկածում եմ, որ այդ մի տարբերությունն էլ կա։

          «Կան անսովոր իրիկուններ, երբ ծաղիկներն ունեն հոգի»։

Մարդ մի քիչ մանուկ ստեղծվեց, մի քիչ ծեր:

Ռուբեն Սևակի դուստր Շամիրամը ամբողջ կյանքում եղել է հմայված իր բացակա, սակայն միաժամանակ ամենուրեք ներկա հոր կերպարով։ Շամիրամի սենյակը զարդարված է սիրելի ծնողների նկարներով։ «Նրանք ինձ երբեք չեն լքում,– ասել է Շամիրամը,- ինչ-որ տեղ ես մնացել եմ հավերժ երեխա»։

Հոգով քեզ հետ են քո ծնողները, Շամիրա՛մ, բայց հավերժ մանուկ մնալդ վտանգավոր է. չէ՞ որ հայրդ գրել է․

 «Կա՞յ աւելի սիրտ բզկտող իրականութիւն մը, քան մելամաղձոտ մանուկները…»

Անմեղության և նոր սկզբի խորհրդանիշ են նրանք։ Նրանց ապագան դեռ պարզ չէ, երևի դրա համար էլ նրանք հաջողության են հասնում։ Նրանցից շատերը հանճարներ պիտի դառնան։ Կես չէ, մեծ, ամբողջական հանճարներ Մարդ դառնալու շեմը նախամուտք ունի, որը անցնում են մանկության տարիներին։ Կարևոր են մանուկները․․․

– Իրե՜նց համար եկայ, բժի՛շկ… թո՛ղ ես մեռնիմ, իմ կեանքս ի՞նչ է… ես մեղաւոր հայր մըն եմ… բայց փոքրիկնե՜րս, բայց փոքրիկնե՜րս…։

«Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» գրքի «Տէր ողորմեա…» պատմվածքից է վերոնշյալ տողերը, որոնք ապացուցում են, որ ծնողը պատրաստ է ոչինչ չխնայել հանուն երեխաների։ Այստեղ էլ ստեղծելու, ծնունդ տալու գաղափարն է։ Մենք փայփայում ենք այն ամենը, ինչ ստեղծել ենք (մարդու արարում-օր վեցերո՞րդ. Առաջին օրվա հոտ է գալիս, պարոն Սևակ)։

Աստվա՞ծ:

ՓԱ՜ՌՔ ՏԵԱՌՆ

Ինչևէ։

Մի գեղեցիկ օր էլ Շամիրամի մայրը լսեց, որ Կոմիտասը՝ այցելելու է տեղի հայկական եկեղեցի, ինչն անչափ հազվադեպ բան էր։ «Նա հիվանդ էր եւ գրեթե դուրս չէր գալիս հիվանդանոցից»,- ասում է Շամիրամը։ Կինը երեխաներին տարավ Կոմիտասին տեսնելու։ Շամիրամը չի մոռացել այդ օրը. «Նա չասաց՝ սրանք իմ երեխաներն են, այլ ասաց՝ Ռուբեն Սեւակի երեխաներն են։ Կոմիտասն անչափ տպավորված էր։»

 «Փա՜ռք Տեառն» կ՚ըսէր։

Փա՜ռք Տեառն։ Ո՞ւրկէ արթնցաւ մէջս այս միտքը, չեմ գիտեր. յետոյ միայն հասկցայ որ Տիրոջ փառք տալու այնքան ալ զօրաւոր պատճառներ չունէր։

...

Մէկը պիտի գտնուի՞ ինծի բացատրելու համար որ մարմնապէս ու հոգեպէս ի՞նչ պիտի արժէր այդ կեանքը, խօսելու, զգալու, շարժելու, սնանելու, մտածելու անկարող, մէզի մէջ փտած մսի կտոր մը՝ որ շանը նետես չ՚ուտեր…։

...

Աքսորյալներին թույլատրվեց ժամանակ առ ժամանակ ազատ շրջել դրսում, զբաղվել իրենց մասնագիտությամբ, բայց չբացակայել Չանղրնից: Ահա այս ժամանակ էր, որ Ռուբեն Չիլինկիրյանը բուժում է թուրք ոստիկանի (կառապան Իսմայիլի) աղջկան: Ոստիկանը խանդաղատանքի զգացումներ հայտնելով բժըշկին, համոզում է մահմեդականություն ընդունել՝ անխուսափելի սպանությունից փրկվելու համար: Սևակը հրաժարվում է:

«Փա՜ռք Տեառն»:

Գիշերը ահով էր լցված: Ընկերները չքնեցին:

«Փա՜ռք Տեառն»:

 

           Դանիել– Մեր վերջին ազատ գիշերն է, Ռուբեն…Թերևս քեզի ալ կթվի, թե այսօր մանավանդ պիտի հասկնաս՝ ինչու ես ապրած և ինչու ես տառապած…

Ռուբեն -Ինձ համար գրելը երգել էր: Բոլոր մխիթարությունս երկաթե փոքրիկ գրչիս մեջն էր: Ու մենավոր ապաստանիս մեջ, ձմրան գիշերներ, ինձմե երջանիկ մարդ չէր կարելի երևակայել՝ ոտանավորի մը ավարտումեն վերջ:

«Փա՜ռք Տեառն»:

Դանիել -Քերականը ես սորվեցա մորս սիրելի ծունկերուն վրա…Հետո հասկցա, որ մայր ըլլալ, կամ բանաստեղծ՝ նույն բանն է…Բաղձանքս էր ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ Հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա…Արդյոք սերունդները ի՞նչ պիտի մտածեն մեր մասին… Պիտի ուզե՞ն մեզ կարդալ:

Ռուբեն -Չպիտի կարդան, թող չկարդան…բայց գոնե թող հիշեն, որ իրենցմե առաջ եղած են երկու հայ տղաներ՝ Դանիել և Ռուբեն, որոնք կսիրեին հետնորդները: Կսիրեին առանց ճանչնալու…Խենթի պես, մեծ ու անսահման սիրով…Իսկ հետնորդներ պիտի ըլլա՞ն…

«Փա՜ռք Տեառն»:

Դանիել -Ինչ է հիմար հարցեր կուտաս: Անոնցմե շատերը պիտի կոչվին Ռուբեն և Դանիել…Ոչ ի պատիվ մեզ, ոչ…Այլ պարզ այն պատճառով, որ պիտի ըլլան հայ:

Ռուբեն -Իսկ մեր տառապանքներն ու  ու ցավերը որևէ օգուտ պիտի տա՞ն անոնց, գոնե քար մը պիտի հանե՞ն անոնց ճամփեն…Եթե հանեն, մենք ալ կապ-րինք անոնց մեջ…Բոլորին հետ միասին…եթե պոռամ կը լսե՞ն անոնք, Դանիել:

«Փա՜ռք Տեառն»:

Դանիել -Ես իմ անդորրը քաղեցի այն հավատքեն, որ ունիմ հայու ապագային վրա: Պիտի մեռնիմ՝ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ…

Ռուբեն -Լավ ըսիր. «Հայաստանի պատկերը բիբերուս մեջ»: Բայց ես անչափ կփափաքիմ, Դանիել, որ մեր հետնորդները հիշեն մեզ: Հիշեն Դանիել Վարուժան և Ռուբեն Սևակ գրողներուն, հայերուն, խավար գիշերներու արևերգուներուն: Կըփափաքիմ, որ կարդան ու ըմբռնեն խոսքերս.  …Ինչ փույթ, թե մահըս է քայլ մը անդին, Ես սրահար եմ մարմանդին…

Երիցս, երիցս, երիցս «Փա՜ռք Տեառն»:

Խավար գիշերներու արևերգունե՛ր, մենք Ձեզ հիշում ենք և ոչ միայն հիշում այլ սրտով զգում ու կարոտում, որովհետև Ձեզնից յուրաքանչյուրը անձնազոհ է, ձեզնից յուրաքանչյուրը մեծագույն հայ է, մեծագույն մարդ է և գրող, մարդասեր։

Բժիշկ էր: Նա հասավ այդ կետին, քանի որ ուզում էր մարդության համար պիտանի լինել, նրան քիչ էր թվում իր ստեղծագործական աշխարհը, ձգտում էր ավելի շատ օգնել ու լինել նրանց կողքին։ Իրենով փրկել՝ Նարեկի նման․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ անձայն, անհանդես,

Երթա՜լ առվի՛ն պես՝ մարգերու տակ անտես.

Կապույտին մեջ՝ հե՜զ, հողմնավար ամպին պես…:

Երթա՜լ՝ առա՛նց գիտնալու թե դեպի ո՞ւր,

Երթա՜լ՝ հեռո՛ւ ոստաններեն այս տխուր.

Երթալ՝ խավար գիշերին մեջ թաքթաքուր…:

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.

Երթա՜լ՝ առա՛նց սուգի, լացի, փափաքի.

Երթա՜լ՝ առա՛նց սովի, առա՛նց պապակի…

Իր հոգուց նա երթալ չկարողացավ, իր անձը չկարևորեց և անձից փախուստ չունեցավ։ Երթա՜լ առանց ամենի, հեռանալ՝ ոչ մի բան չտանելով։ Ոչ մի վատ, մութ ու խավարոտ երևույթ չտանել, գնալ․․․ ննջել, հանգստանալ, վերածնվել։

Գնում է փութալով և չի տեսնում, որ հետևից հևիհև վազում են  բյուրավոր կմախքներ, բայց ինքը գնում է ու գնում, և չգիտե, թե ուր… Մարդիկ կարծում են՝ սա մի գեղեցիկ դղյակ ունի, հենց այնտե՛ղ  է գնում, ոմանք էլ ասում են՝ գնում է դեպի իր սուրբ ուխտատեղին կամ, ով գիտե, գուցե իր հեռավոր սիրո մոտ… Իրականում, թե ուր է  գնում հին ասպետը, գիտեմ միայն ես: Գնում է դեպի իր տապանը, բայց թե որտեղ է գտնվում այդ տապանը, ո՛չ նա գիտե, ո՛չ ես…

Կեանքի Տօնն էր։ Հոն էին բոլոր որդիքը Մարդուն․

Ու անոնք որ դեռ կ՛ապրին, ու՛ անոնք որ չի ծընան․

Ո՛ւ մեռելները բոլոր։ Բաց երկինքին տակ անհու՜ն,

Կանա՜չ, անծի՜ր վայր մըն էր, սառած ծովու մը նըման։

․․․

Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ: Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել: Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը:

Ավարտվեց, հանդարտվեց, խաղաղվեց՝ սիրելու իրավունքով:

Լռություն, փոթորիկը հանդարտվել է, մե՜ղմ փչում է այժմ, շոյում է գլուխդ, անցյալդ շշնջում ու գոռում ապագա։ Ես լռում եմ, հիմա՝ իր կյանքի արարչագործության յոթերորդ՝ հանգստի օրը ես լռում եմ, «կատարեալ սէր» ապրած Ռուբեն Սևակն է պատմում։ Իր վերջին օրը․․․ մահվանից հետո սրտի շարժի մասին․

Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես,

Ուր խավարներ կը փոթորկին մոլեգին,

Երկու աչերդ` աստվածներու սկիհին պես,

Տուր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.

Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…

Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր.

Եկո’ւր, ես մութ բաներ պիտի քեզ ըսեմ,

Սիրո պես քաղցըր ու Մահվան պես հըզոր.

Գերեզմանիս լացող սյուքին պես նսեմ,

Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր…

«Սերն ինձ համար երկու աչք է վիհի պես, ուր խավարներ են մոլեգին փոթորկվում, երկու աչքեր՝ աստվածների սկիհի պես, որ սրբացնում են հոգիս: Այդ ակնթարթին երազում եմ, որ կյանքս կորած նավի պես լինի, և սիրո շո՛ւնչը միայն բացի նրա առագաստը, որ ի Մահ պիտի առաջնորդի ինձ սիրո կղզիներով:»

Նկատում ենք, որ Մահը կրկին մեծատառով է գրված․ հեղինակը ևս մեկ անգամ ընդգծում է իր համար առավել զորեղ երևույթի մասին։ Թվում է, թե նա տենչում էր արդեն  մահ, ձգտում էր անէանալ․․․ Բանաստեղծության մեջ կանչում է իր սիրած էակին, կանչում է երկու աչքերը տեսնելու համար․ աչքերը չեն խաբում։

«Սա ցանկացած նովելից հրաշալի է... մի օր ընկերոջ հետ Լոզանով քայլելիս Ռուբենը տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ սլացիկ, նրբիրան ու շիկահեր։ Նա համոզված էր, որ աչքին հրեշտակ է երեւացել։ Սիրտն ուղղակի տակնուվրա է լինում… Աղջկա վրա կրկին հայացք նետելու համար նա արդեն պատրաստ էր ամեն ինչի։ Հայրս ուզում էր համոզվել տեսածում»,- բացատրում է Շամիրամը։ Սա սեր էր առաջին հայացքից։

Քարանալու՜ երջանկություն:

․․․

Բանաստեղծի համար սերը կյանքի հոմանիշն է.

Սերն հեթանոս Երջանկությո՜ւնն է,

խաչվա՛ծ,

Սերն ա՜յն կուռքն է, որուն առջև

ծնրադրած

Որբի՛ մը պես պիտի ողբար ի՜նքն

Աստված ...

«Եկո՜ւր» բանաստեղծության մեջ տեսնում ենք նրա հոգու արտացոլանքը, երկար սպասված, երազային տեսարան, որը կարելի է տեսնել միայն անուրջի ճամփաներով անցնելու դեպքում։

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամբաներեն անուրջիս,

Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,

Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,

Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես

Եկո՜ւր, եկո՜ւր ճամբաներեն անուրջիս…

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,

Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ…

Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ’դեգերի,

Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի…

Արքա և գերի բառերի հակադրությունը ցույց է տալիս, որ հեղինակը պատրաստ է լինել ցանկացած դերում՝ իշխողի և անորոշի, միայն թե նա կողքին լինի։

Իր կնոջը․

Դուն Հրա՜շքն ես, Դուն Երա՜զն ես, դուն Սէ՛րն ես․

Տարաշխարհի չքնաղ ծաղի՜կն ես աղուոր․

Միսթիքական խնկումներով թունաւոր

Դու մըսեղէն խենթեցնող տաճարն ես․

Դուն Հրա՜շքն ես, դուն Երա՜զն ես, դու Սէ՛րն ես։

  Աննկարագրելի գեղեցիկ բանաստեղծություն է, որտեղ մեծատառով գրված բառերը ոչ թե ածականներ կամ բնութագրող բառեր են, այլ հենց այդ բառն է նրա սերը, կինը։ Մսեղեն խենթեցնող տաճար ՝  գայթակղություն։

Հիմա կարծում եմ, թե նրա փոքրիկ կրծքին պետք է մի կայտառ թիթեռ փարվեր, ոչ թե ինձ պես ծեր արծիվ: Ես հասկացա, որ սերն այն հեթանոս երջանկությունն է խաչված, այն կուռքն է, որի առջև ծնրադիր որբի պես պիտի ողբար հենց ինքը՝ Աստված: Եվ այս մտորումները ստիպեցին ինձ մտածել, որ սե՛րն է հենց կյանքի կյանքը:

Աքսորի ժամանակ Ռուբեն Սևակը զարմանալի անվրդով էր թվում, լավատես՝ վաղվա օրվա հանդեպ։ 1915-ի հունիսի 17-ին Չանղրնից գրում է կնոջը։ «Շատ հանգիստ եմ․․․մի մտահոգվիք ինծի համար։ Շնորհոք աստծո քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի, և մենք միասին կըլլանք»։

Ինչպե՞ս վերականգներ չեղած արդարությունը, ինչպե՞ս ապավինել չընդունած աստծուն։ Նրան հանգիստ չէր տվել մահվան գաղափարը, բայց  այդպես էր թերևս գրականության մեջ միայն։ Քանզի ստեղծագործելու և ստեղծագործության, կյանքի ու գրչի անմնացորդ համընկնումը անխուսափելի օրինաչափություն է։

․․․

Ձիւնին

Սրտէս ջահեր վառեցի

Խաւարն եկաւ խափանեց

Սրտէս վարդեր ծլցուցի

Ձիւնը եկաւ պատանքեց․․․

Հպարտ հոգւոյս մէջ տղու՝

Անմա՜հ ըլլալ կարծեցի,

Գարնան երկնին տակ աղու՜

Ես սիրեցի՜ ու լացի՜․․․

․․․Համբոյրը գէ՜ջ, սերն անշէ՜ջ,

Պետք է մոռնալ ամէ՛նն ալ,

Փակել աչերս Մահուանդ մէջ

Անհունիդ մեջ անհուննա՜լ։

․․․

Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը:

Տեսնես՝ ի՞նչ է մնացել ի սկզբանե ստեղծված երկնքից ու երկրից։

«Ժամանակն է հակազդելու, հակազդե’նք: Մեզ մի նոր Ոսկեդար է պետք, մի նոր Ոսկեդա՜ր: Այլասերո՞ւմ, ո’չ, վերածնո՜ւնդ...»,-Ռուբեն Սևակ:

Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ։

Կլինի։

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software