Միջոցառումներ

Աշխարհը գրաֆիկական աշխատանքներում


Արդեն  մի քանի օր է՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի պատերը զարդարում են բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ։ Մեր լրագրողական խոշորացույցի տակ նկարների հեղինակն է՝ 17-ամյա Հռիփսիմե Առաքելյանը՝ մշակութային

/նկարչություն/ հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի:

-Մի փոքր կխոսե՞ք ձեր ցուցահանդեսի մասին, ինչու՞ ընտրվեց նկարների հենց այդ շարքը։

-Առաջարկությունը արեց ընկեր Բալաբեկյանը, իսկ ես սիրով համաձայնեցի։ Էսքիզ-տետրումս 2 տարի շարունակ հավաքել եմ գրաֆիկայով արված աշխատանքներ և պարբերաբար ցույց տվել ուսուցչիս, դրանցից մի քանիսն էլ դրեցինք ցուցադրության։           

-Ստեղծագործելիս նկարչական ո՞ր տեխնիկան եք օգտագործում։

-Հիմնականում կատարում եմ գրաֆիկական աշխատանքներ։ Ինձ տեսնում եմ միայն գծի և կետի մեջ։ Դրանց շնորհիվ աշխատանքներս ավելի հստակ են դառնում, իսկ գույներից նախընտրում եմ սևն ու սպիտակը, որոնց շնորհիվ մարդկանց հույզերն ու զգացմունքները ավելի ընկալունակ են դառնում։ Չէ՞ որ ամեն նկար ունի իր գաղափարը, և ամեն մարդ այն յուրովի է տեսնում։

 -Ամենասիրված նկարիչներ, որոնց աշխատանքներից ոգեշնչվում ես։

 -Դալի եմ սիրում, սյուրռեալիզմն էլ ինձ շատ մոտ եմ համարում։ Վան Գոգին կառանձնացնեմ իր յուրահատուկ ներաշխարհի և մտածելակերպի համար։ Գուստավ Կլիմտին եմ հավանում՝ իր մոդեռնիստական ոճի համար և Դյուրեր՝ գրաֆիկական մանրակրկիտ աշխատանքի համար։

-Ո՞րն է սկսնակ արվեստագետի ամենամեծ երազանք-նպատակը։

-Իմ ապագան տեսնում եմ միայն ու միայն նկարչության մեջ. իմ ցուցահանդեսը, մեծ արվեստանոցը: Կուզեի՝ մարդիկ նկարներիցս ոգեշնչվեին։

 -Որտեղի՞ց են ծնվում մտքերը։

-Լինում է՝ ինչ-որ բան եմ տեսնում, տպավորվում եմ, հանձնում թղթին։

Նույնիսկ տրանսպորտում ու փողոցում հանդիպած մարդկանց փոքր ու մեծ խնդիրներն են ոգեշնչման աղբյուր դառնում Հռիփսիմեի համար։

17-ամյա նկարչուհին, ի դեպ, շատ է սիրում նաև դաջվածքի արվեստը և իր նկարչական տաղանդը ապագայում կուզենա օգտագործել դաջվածքներ անելով։

 

Նյութը՝ Մանե Մարգարյանի /հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի/

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software