Միջոցառումներ

Երևանը՝ աշակերտների կտավներում


ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում կայացավ Կերպարվեստ բաժնի 4-րդ կուրսի ուսանողների մանկավարժական պրակտիկայի շրջանակներում կազմակերպած «Երևան ջան» խորագիրը կրող հաշվետու ցուցահանդեսը` նվիրված Երևանի 2800-ամյակին:

Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի մշակութային (նկարչություն) հոսքի  աշակերտները, որոնց աշխատանքները մայրաքաղաք Երևանին իսկական խոստովանություն էին՝ հարազատ քաղաքը բնութագրող կերպարներով: 

Յուրաքանչյուր աշխատանք կատարվել էր յուօրինակ մոտեցումներով, բայց բոլոր կտավներում իշխում էր մի ընդհանուր գիծ՝ լավատեսություն և միշտ երիտասարդ Երևան: 

Ցուցադրությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, ծնողներ: Ողջույնի խոսքում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին ավանդույթը շարունակելու և ցուցադրությունը կազմակերպելու համար: 

«Շատ տպավորիչ միջոցառում է, ուր համադրվել են Երևանի անցյալը, ներկան ու ապագան այնպես, ինչպես նկարիչների երեք սերունդները՝ դասախոսները, պրակտիկանտները և մեր ապագա ուսանողները»,-նշեց պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն ու հավելեց, որ նկարներից մի քանիսն այնպես են տպավորել, որ ցանկություն ունի անպայման ծանոթանալ հեղինակների հետ:

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն էլ գոհունակությունը հայտնեց վարժարանում իրենց մանկավարժական պրակտիկան անցնող Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների կատարած աշխատանքի վերաբերյալև հավելեց, որ հաշվետու ցուցահանդեսը համատեղ հաջողված աշխատանքի արդյունքն է:

Միջոցառման ավարտին աշակերտները ստացան պատվոգրեր։

 

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software