Միջոցառումներ

Գրականության դասը ՀՊՄՀ ընթերցասրահում


Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի հումանիտար /լրագրության/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտները հայ գրականություն առարկայից «Ոսկեդարի պատմագրությունը» թեմայով ամփոփման դասն անցկացրին ՀՊՄՀ ընթերցասրահում: Դասը միաժամանակ կարելի էր համարել հանդիպում – բաց դաս: Այն նախաձեռնել էր  ՀՊՄՀ  հենակետային վարժարանի «Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայական մեթոդմիավորումը: Դասը վարեց ընթերցասրահի վարիչ Տիգրան Պետրոսյանցը: Քննարկվեցին մի շարք հարցեր՝ հայոց պատմիչների նկարագրած իրադարձությունները, հայ պատմագրական երկերի գաղափարական բովանդակությունը, գեղարվեստական արժանիքները: Անդրադարձան Մովսես Խորենացու հիմնական դասերին, երկի առանձնահատկություններին: Դասն առանձնահատուկ նշանակություն ունեցավ վարժարանցիների համար. մթնոլորտն անկաշկանդ էր, միջավայրը՝ տրամադրող ու պարտավորեցնող: Ակտիվ հարցուպատասխանով անդրադարձան մերօրյա ազատագրական մարտերին, ազատամարտի մասնակից հերոսներին, Մարտակերտի, Շուշիի, Քելբաջարի և այլ շրջանների մարտերին: Ազատամարտի մասնակից, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը աշակերտների հետ կիսվեց իր մեջ ամփոփված հուշերով ու զգացողությումններով: Դասը հայրենասիրական էր: Աշակերտները մեծ տպավորություններով հեռացան՝ յուրաքանչյուրն իր հետ տանելով ընթերցասրահի կողմից նվիրած գիրք՝ «ՀՀ սահմանադրությունը», իսկ սրտում` պատգամ՝«Հայրենիքը կամ սիրում են, կամ՝ոչ: Չկա ավելի մեծ նվիրում հայրենիքին, քան որդիաբար ծառայելը նրան»: Ստեղծագործող աշակերտները մեծ ցանկություն հայտնեցին մասնակցելու «Չորեքշաբթի» գրական ակումբին:  Դասն ուներ մի նպատակ ևս՝ աշակերտների ծանոթացումը  մայր բուհին և հաջորդիվ համագործակցությունը, բուհ-հենակետային վարժարան կապի ապահովումը:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software