Միջոցառումներ

Հատկանիշներից լավագույնը հանուն հայրենիքի մարտնչելն է


Ապրիլի 10-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին «Մեր կողքի հերոսները» խորագրով միջոցառում-քննարկում՝ նվիրված ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցին: Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հարություն Բադալյանը, Պարույր Գալստյանը, Նորայր Զախարյանը, Դավիթ Խատայանը, Շուլի Հակոբյանը և Շանթ Ղազարյանը: Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան հենակետային վարժարանի սաները, ովքեր հերոս տղաների մասին ներկայացրին իրենց ստեղծագործական զեկույցները, ինչպես նաև հանդես եկան երաժշտական կատարումներով: Ելույթ ունեցավ նաև վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, ով շատ արժևորեց նման դաս-միջոցառումները: Միջոցառման երկրորդ՝ հարց ու պատասխանի հատվածում, աշակերտները ակտիվորեն հարցեր ուղղեցին տղաներին և ստացան ինքնատիպ պատասխաններ՝ համեմված կատակներով: Միջոցառումը յուրահատուկ էր իր ձևաչափով: Վարժարանի սաների կողմից ներկայացված զեկույցները յուրովի բնութագրեցին «մերօրյա հերոսներին»:

 

                                                                             ԴԱՎԻԹ ԽԱՏԱՅԱՆ

         «Քաջերի արարքներն ավելի խոսուն են, քան բազմաթիվ խոսքեր»,-ասել է Ալեքսանդր Սուվորովը: Դիպուկ է ասված, դիպուկ և բնութագրական մեր այս հերոսի համար: Քաջ, բարի, քչախոս և անչափ համեստ. հենց այսպիսին է Դավիթ Խատայանը: Ո՞վ կպատկերացներ, որ այն փոքրիկ տղան, որի խաղալիքների մեջ տեղ չունեին զենքերն ու տանկերը, և այն պատանին, որ այդքան սիրում էր բակում ֆուտբոլ խաղալ և հետաքրքրվում էր ճշգրիտ գիտություններով, մի օր ամենապատասխանատու պահին դառնալու էր 70 հոգանոց մի ողջ դասակի հրամանատար և պատվով էր կատարելու իրեն տրված մարտական հանձնարարությունը: Ապրիլի երկուսը փոխեց ամեն ինչ, և սերժանտ Խատայանը մի քանի րոպեում դարձավ մարտի հրամանատար: Եվ միայն ամուր կամքի տեր մարդը կարող էր երկու օր շարունակ բեկորային վնասվածքներով կռվել, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց և հետո իր իսկ պարտադրանքով վերադառնալ սահման: Այո՛, հենց այսպիսին է Դավիթը: «Արել եմ, որովհետև չէի կարող չանել: Արել եմ իմ խղճի համար»:

Հավատացե՛ք, որ մեր բանակին հենց այսպիսի հրամանատարներ են պետք: Եվ այն տղան, որ երբեք չէր էլ պատկերացնում, որ որևէ առնչություն կունենա զինվորական գործին, այժմ դասակի հրամանատար է՝ անկոտրուն տեսակ իրական հրամանատարի:     

                                                            Զեկուցող՝ մշակութային /նկարչություն/ հոսքի 12-րդ դասարանի

                                                                                                        աշակերտուհի՝ Սոնա Պետրոսյան

 

                                                                        ՊԱՐՈՒՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Հազարավոր հայ զինվորներ հակառակորդին ցույց տվեցին, որ Արցախյան պատերազմ տեսած իրենց հայրերի նման պատրաստ են կռվել հայրենի հողի ամեն թիզի համար: Նրանք դա ապացուցեցին իրենց գործած սխրանքներով, իրենց հերոսություններով: Այդ հերոսներից մեկն էլ Պարույր Գալստյանն է: Գտնվել հերոսների կողքին բացառիկ զգացողություն է, որը և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող: Կրթությունը առաջնային տեղում դասելով՝ Պարույրը փորձում է իր առաջ նպատակներ դնել և անպայման հասնել դրանց: Աշխարհագրագետ հերոսին ծառայության ընթացքում շատ է օգնել իր մասնագիտությունը՝ թե՛ քարտեզագրության, թե՛ նմանատիպ այլ հարցերում: Նպատակ ունենալով երեխաների մեջ արթնացնել հայրենասիրություն՝ ապագա ուսուցիչը պատրաստ է սեփական փորձով օրինակ հանդիսանալ:  Կյանքի հանդեպ մեծ սերը նրան ստիպում է առաջ գնալ և նայել դեպի լուսավորը:

                                                           Զեկուցող՝  մշակութային /նկարչություն/ հոսքի 12-րդ դասարանի

                                                                                              աշակերտուհի՝   Սյուզաննա Սուվալյան

 

                                                                    ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ

       «Ես չեմ սիրում պատերազմը, ատում եմ պատերազմը»: 5-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մալխասյանի խոսքերն են: Մտքի անսովոր ճկունությամբ Նարեկը նկարել էլ մի նկար, որտեղ ադրբեջանական տանկը խոցել էին հայ դիպուկահարները: Փոքրիկ Նարեկը չգիտեր, որ մի օր ինքն է հայտնվելու այդքան ատելի պատերազմի մեջ և խոցելու է ոչ թե տանկ, այլ ռազմական ուղղաթիռ: Իսկ ինչպե՞ս սկսվեց ծառայությունը: Հետաքրքիր դիպվածով որդու փոխարեն մայրն է զինվորական հաստատությունից վերցնում ծառայության անցնելու մասին համապատասխան փաստաթղթերը: Նարեկն իրեն հատուկ հումորով ասում է. «Քո ձեռքով տղայիդ բանակ ես ուղարկում»,- իսկ վերջին պահին ավելացնում . «Գիտեմ, որ Ղարաբաղ եմ գնալու, մամ չլացես»: Հերոս չեն դառնում, հերոս ծնվում են: Այս խոսքերը թերևս ամենից ճշգրիտ են բնութագրում քառօրյա պատերազմի հերոս Նարեկ Մալխասյանին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցել էր Ջաբրայիլի ուղղությամբ ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը: Բացառիկ ռազմական սխրանք, որը զարմանք էր պատճառել ոչ միայն հայ, այլև միջազգային ռազմական փորձագետներին: Ասում են՝ հակատանկային նռնականետով ուղղաթիռ չեզոքացնելը ռազմական ոչ մի տեսության մեջ չի տեղավորվում: Գուցե ծննդյան առթիվ մոր ուղարկած փոքրիկ նվե՞րն էր, որ օգնեց նրան: Ի դեպ այդ նվերը փոքրիկ սրբապատկեր էր, որ պետք է պահեր գրպանում… գուցե: Բայց երբ իր սխրանքի մասին հարցնում են հերոսին,նա համեստորեն պատասխանում է. «Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեցի և իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը»: Մերօրյա հերոսը այժմ պայմանագրային զինծառայող է: Մենք հպարտ ենք, որ ունենք նման երիտասարդ հերոսներ և գլուխ ենք խոնարհում այն հերոսների շրիմների առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի և մեր խաղաղ կյանքի: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժանավայել շարունակել մեր հերոսների գործը` լինելով լավագույնն ու առաջատարը այն ոլորտում, որտեղ կշարունակենք մեր գործունեությունը: Հավերժ երախտապարտ ենք ձեզ, մերօրյա՛ հերոսներ:

                                                    Զեկուցող՝ հումանիտար / հոգեբանություն/ հոսքի 10-րդ դասարանի

                                                                                                          աշակերտ՝  Արմեն Նանայան      

 

                                                                       ՆՈՐԱՅՐ ԶԱԽԱՐՅԱՆ

Ոմանք վերջույթների անդամահատումից հետո սկսում են իրենց ոչ լիարժեք զգալ, կորցրում են կյանքի հանդեպ հետաքրքրությունն ու ինչ-որ բան անելու շարժառիթը: Ոմանք էլ՝ հակառակը, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանան շարունակել ապրել նախկինի պես։ 21-ամյա Նորայր Զախարյանը իրեն մարդկանց երկրորդ խմբին է դասում։ Իր ասելով՝ երբեք տրամադրությունը չի գցում . նույն Նորայրն է, ինչպես առաջ։ Սակայն փոխվել են մտածելակերպը, կյանքի նկատմամբ հայացքները։ «Պատերազմից հետո կարծես երկրորդ կյանք ստացա։ Սովորեցի յուրաքանչյուր բացվող օրն ապրել այնպես , կարծես դա կարող է վերջինը լինել։ Մենք կռվել ենք ոչ միայն հողի, այլև մեր ու մեր հարազատների կյանքի համար։ Մեր միջի համառ ուժը՝ հայի ոգին, չի թողել, որ վախ ասածը գլուխ բարձացնի ու խանգարի» -ասում է Նորայրը։ Սպային իր եղբայրը համարելով և ռազմական գործողությունները շարունակելու ցանկությամբ էլ առաջ է գնում մերօրյա հերոսը։ Անբացատրելի ու անհասկանալի է, թե նոր կյանք մտած երիտասարդները ինչպես են արիանում և անտեսում հոգեկան ու ֆիզիկական ցավը։ Մեջբերում եմ Նորայրի խոսքերից մեկը, որոնք էլ ավելի են ստիպում ինձ և իմ հասակակիցներից շատերին գնահատել կյանքն ու սուրբ հայրենիքը. «Թեկուզ մեկ ու կես ոտքով , բայց քայլում եմ այնպես, ինչպես նախկինում։ Ամեն ինչ անցել, գնացել է։ Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցողներից շատերը»։ 

                                                              Զեկուցող՝ հումանիտար / անգլերեն/ հոսքի 10-րդ դասարանի

                                                                                                              աշակերտ՝  Նարեկ Բալյան     

                                                   

                                                                        ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Շուլի Հակոբյանի վահագնյան դիմագիծը, հային բնորոշ արտաքինն ու տիպիկ հայկական խառնվածքը խտացված է նրա կերպարում: Վարակիչ կենսասիրությամբ և բոլորին օգնելու պատրաստակամությամբ օժտված երիտասարդ է: Բնությունն այս շռայլությունների հետ մեկտեղ նրան տվել է բարի կամք, անսահման համեստություն ու քաջություն: Եկավ ժամանակը, երբ նա և նրա հասակակիցները դարձան զինվորներ: Մոլորակիս գույնը դարձավ նրանց հագուստի կանաչը, հպարտությունս՝ նրանց առաքելությունը, իմ պատկերացրած «սահմանագիծը» վերածվեց փշալարի, և անցան այն սահմանով, որի իշխանությունը հայ զինվորինն է: Նրանցից էր Շուլին, ով այդ օրերին իր գործողություններով աչքի ընկավ: Թալիշի ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղեց՝ կես ժամվա ընթացքում խոցելով հակառակորդի երեք տանկ: Տղերքի սխրանքները ապրեցնող են, ապրելու բանաձև են ցույց տալիս մեզ: Ազգը դասիարակվում է իր հերոսներով, որովհետև նրանք իրենց լավագույն հատկանիշները հաղորդում են սերունդներին: Ազգն ապրում է իր հերոսներով, որովհետև հաղորդելով իր լավագույն հատկանիշները՝ հերոսները նրանց հաղորդում են կյանքի բանաձև՝ սեր հայրենիքի և ազգի հանդեպ:

                                                               Զեկուցող՝ հումանիտար / անգլերեն/ հոսքի 10-րդ դասարանի

                                                                                                աշակերտ՝  Վլադիմիր Մնացականյան 

 

                                                                    

                                                               ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Դու աշխարհում ամենազոր, Ամենքի մեջ դու մարտունակ, Դու՛ հայ զինվոր՝ քաջ ու հզոր, Շողա՛, ցնծա՛ դու շարունակ։ Ձմռան ցրտին,ամռան տապին, Պիրկ կանգնած ես դու սահմանին, Ու քո անմեղ, հզոր բազկից, Թշնամին է ընկնում վազքից։ 2014 թվականն էր։ Ամառ։ Զորակոչեցին բանակ` Մատաղիս։ Վեցամսյա դասերից հետո տեղափոխվեց Թալիշ։ Հերոսի պարտքն էր պաշտպանել հողը ամենավտանգավոր վայրերից մեկում։ Բայց նրան վիճակված էր ապրել։ Բազմիցս թշնամու հարձակումների դեմ պայքարած ու լուրջ վնասվածքներ ստացած Հարութը ապացուցում է, որ բարի է գարունը ու ծաղկունքով լի։ Բայց զայրանալ գիտի։ Ծննդյան օրն էր` մեկը ապրիլի։ Ադրբեջանը անցավ գրոհի։ Բարդ էր մենամարտը, բայց հերոսական։ Թշնամին փախավ` ծանր հետք թողնելով։ Մահ, ցավոք, գրանցվել էր։ Բայց մեր հերոսին մահը չէր հաղթել։ Ոտքն էր վիրավոր, բայց դեռ կռվում էր։ Նա, ինչպես և բոլոր հերոսները, մոռացած երազանքները ու ցանկությունները, կռվում էին։ Չխնայելով առողջությունը՝ պառկած վիճակում Հարութը խոցում էր թշնամուն։ Կապ չունի՝ ինչ  ֆիզիկական վիճակում ես դու, ու ինչ վնասվածք ես ստացել։ Կարևորը հոգիդ առողջ է և ունի ուժ կռվելու։ Հարութի հոգին պատրաստ էր կռվի։ Ապրիլի 3-ին տեղեկանալով դիրքերի լարվածության մասին՝ նա փախչում է հիվանդանոցից և փորձում ուղևորվել դիրքեր։ Բայց, բարեբախտաբար, նրան բռնում են և թույլ չեն տալիս։ Նա այժմ մեր կողքին է։ Եվ ամեն տարի իր ծննդյան տոնը նշում է եռաբլուրում։ Ցավոտ է մեռնելը, ցավոտ է ու բարդ։ Ցավոտ է մեռնելը, առավել ցավոտ՝ տեսնել մահը մոտ ընկերոջ։ Բայց քաղցր է մեռնել հանուն մայր հողի, քաղցր է ու վայել։ 

                                                       Զեկուցող՝  հումանիտար / լրագրություն/ հոսքի 10-րդ դասարանի

                                                                                                     աշակերտ՝  Սիմոն Հովհաննիսյան

                                                                                 

                                                                      ՇԱՆԹ ՂԱԶԱՐՅԱՆ

Ճակատագրի խաղը անագորույն և ժպիրհ հարվածներ է հասցնում՝ ժանիքները խոնարհեցնելով մարդկային հոգու հիշատակարանում: Այս հերոսին ճակատագիրը ցանկացավ հպատակեցնել, խոնարհեցնել իր գարշադեմ խաղի կանոնների առջև, սակայն այս հերոսը շանթ է, բոցակեզ կայծակ, որ շանթահարել գիտի իր ազատությանը սպառնացող ցանկացած խոչընդոտի: Այս հերոսը կամքի ուժի և հզորության մարմնացում է: Շանթ, ահա և նույն ճակատագիրը շնորհեց քեզ այն ուժն ու եռանդը, որով դու ստիպեցիր թշնամուն աչալուրջ լինել հայի ոտքը տրորելիս: Պատերազմը անվախճան էր թվում, բայց քո և քո հերոս ընկերների անսպասելի հարձակումը կանխեց այն` վախ ներշնչելով հակառակորդին: Դու հաղթել ես ճակատագրին, հերո՛ս, քո աներեր կամքով և վճռական դիրքորոշմամբ: Սակրավորից մինչև հերոս ճանապարհը դու ինքդ հարթեցիր քո հմտությամբ և վճռականությամբ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ դեռ փոքր տարիքից մեր հերոսը անսահման հայրենասեր էր և իր համար որպես հայի լավագույն տեսակ դիտարկում էր Արկադի Տեր -Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Երազում էր տեսնել նրան, խոսել նրա հետ և անպայման խնդրել, որ պատմի Ղարաբաղի և Ղարաբաղյան շարժման մասին: Իհարկե, Շանթը այդ ժամանակ չգիտեր և չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ հետո նորից կհանդիպի իր հերոսին, բայց այս անգամ արդեն կփոխվի իր կարգավիճակը, և այդ պահը նկարագրող գեղեցիկ լուսանկարը կստանար «Մեր ազգի հերոսները» խորագիրը: Շա՛նթ, քո ազգանվեր գործունեության համար դու պարգևատրվել ես բազմաթիվ շքանշաններով, սակայն դա ամենաչնչինն է , որով քեզ կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել : Քեզ վստահված անունը դու պատվով պսակեցիր, Շա՛նթ, և ես խոնարհվում եմ քո առջև...

«Սահմանին կանգնած՝ կյանքս չեմ խնայել, ու ինձ ոչինչ էլ չի խանգարել: Հրացանս ձեռքիս՝ կռվել եմ հպարտ: Շունչս էլ պահած՝ պետք եղած պահին շանթի պես ուժգին հարվածել եմ ես թշնամուն ոխերիմ»:  

                                                               Զեկուցող՝ հումանիտար / անգլերեն/ հոսքի 10-րդ դասարանի

                                                                                                            աշակերտ՝ Լևոն Բուռնազյան

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software