Միջոցառումներ

ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանում հնչեց հոբելյանական՝ 25-րդ «Վերջին զանգ»-ը


ՀՊՄՀ-ի հենակետային (ավագ դպրոց) վարժարանում կրկնակի տոն էր. 12-րդ դասարաններում հնչեց ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը, որն, ի դեպ, հոբելյանական էր՝ 25-րդը:

«Ուշադրությու´ն, ուշադրությո´ւն, վարժարանի թռիչքը վերջին անգամ 2 ժամով հետաձգվում է»,-հայտարարեցին վարժարանցիներն ու խոստացան մինչ թռիչքը փորձել հասկանալ՝ պատրա՞ստ են նոր կյանք մտնելուն, թե՝ ոչ:

Թռիչքի 2 ժամով հետաձգվելը հնարավորություն ընձեռեց տարբեր հոսքերի աշակերտներին հետաքննել հարազատ կրթօջախի արխիվը, հանդիսատեսին ծանոթացնել նրա պատմությանը, ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց:

25-ամյա կրթօջախի շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին վարժարանի հիմնադիր, առաջին տնօրեն Ալեքսանդր Ղուշչյանին և որպես երախտագիտություն՝ հանձնեցին հավաստագիր, իսկ ներկայիս տնօրեն Նաիրա Սաֆարյանին հղեցին ամենաջերմ մաղթանքները՝ ընդգծելով. «Ամենամեծ՝ մարդ լինելու մեծագույն կոչումը Դուք վաստակել եք, իսկ պարգևը՝ մեր մեծագույն սերն ու հարգանքն են Ձեր հանդեպ»:

Հոգատար ու բանիմաց ուսուցիչներ, աշխարհաճանաչողություն, ազատ լինելու հնարավորություն, ինչպես նաև ընկերներ՝ ողջ կյանքի համար. սրանք այն կարևորագույն ձեռքբերումներն են, որ առանձնացրին վարժարանի այս տարվա 118 շրջանավարտները և վստահեցրին՝ իրավունքներից բացի, հասկացել են նաև պարտականությունները գիտակցելու կարևորությունը:

«Ուշադրությո´ւն, ուշադրություն, պատրաստվեք թռիչքին». սպասված թռիչքին հաշված րոպեներ են մնացել, սակայն աշակերտները դեռ ներկայացնում են քառորդ դար անցած կրթօջախի ձեռքբերումները. վարժարանի ծնունդը դժվար էր, բայց խոստումնալից, քանի որ տարբեր տարիների շրջանավարտները կարողացել են բարձր պահել հաստատության անունն ու բարի համբավը:

Վարժարանն այսօր էլ ամենօրյա աշխատանքի արդյունքում գրանցում է նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կյանք ճանապարհում գիտակից, բանիմաց սերունդների հերթափոխ, որ պատվով կրում են վարժարանցի լինելու հպարտ անունը:

Արխիվային տեղեկությունները ներկաներին ևս մեկ անգամ վստահեցրին՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանը հպարտ է իր շրջանավարտներով և կանգուն՝ իր աշակերտներով:

Թռիչքից առաջ աշակերտները հասցրին խոստանալ, որ գիտելիքները ծառայեցնելու են երկրին և աշխարհի լավագույն փորձը բերելու են հայրենիք. «Պատիվ ունենք աշակերտելու մեր ուսուցիչներին, հարստացնելու մեր զինանոցը նրանց փոխանցած գիտելիքներով»:

«Ուշադրությո´ւն, ուշադրությո´ւն…»-ը հնչեց վերջին անգամ, իսկ քիչ անց ծափահարություններ են. վայրէջքն ստացված է ու հաջողված, իսկ ապագան սպասում է իր նոր ուղևորներին:

Վարժարանի հիմնադիր, 1-ին տնօրեն Ալեքսանդր Ղուշչյանը շնորհավորեց շրջանավարտներին և ընդգծեց՝ հպարտության զգացում և երկակի ապրումներ ունի. ուրախ է, որ վարժարանը կյանք է ճանապարհում իր 25-րդ շրջանավարտներին, բայցև տխուր նրանցից բաժանվելու համար:

«Ներկայումս ուսուցչի մասնագիտությունը, Մանկավարժական համալսարանն իրենց ուրույն տեղն ունեն հասարակության կյանքում»,-նշեց Ալեքսանդր Ղուշչյանն ու աշակերտներին հորդորեց համալրել աբովյանականների մեծ բանակը:

«Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն. սրանք են կյանքում հիմնականը»,-Թումանյանի այս խոսքերով Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց շրջանավարտներին և հույս հայտնեց, որ նրանք, լինելով Խ. Աբովյանի անունը կրող կրթօջախի ավագ դպրոցի շրջանավարտներ, պատվով կկատարեն իրենց առաքելությունը, կհամալրեն Մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտների շարքերը:

Նաիրա Սաֆարյանի համար՝ սա տոն է, որ իր մեջ ամփոփում է 25-ամյա բովանդակալից և բեղմնավոր տարեգրությունը, որի ամեն օրը մի նոր էջ է բացել վարժարանի համար: Նա ընդգծեց, որ բարդ ու դժվարին ժամանակները հաղթահարվել են վարժարանի կողքին կանգնած սրտացավ բարեկամների՝ հատկապես Մանկավարժական համալսարանի շնորհիվ:

«Հպարտ եմ, որ իմ ուղին սկսել եմ Մանկավարժական համալսարանից, իսկ մանկավարժական գործունեությունը՝ այս կրթօջախից: Այն ինձ հնարավորություն է տվել մկրտություն ստանալ վաստակաշատ գիտնականներից»,-նշեց վարժարանի տնօրենն ու շնորհակալություն հայտնեց 25 տարիների շրջանավարտներին, որոնք թե´ երկրում, թե´ նրա սահմաններից դուրս բարձր են պահում վարժարանի պատիվը:

                                                                                                                                                                                                          Նյութի աղբյուրը    aspu.am

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software