Միջոցառումներ

Հրաժեշտի զանգ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում


ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 24-րդ շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը: Վարժարանի 5 հոսքերի 100 աշակերտները Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ և 12-ամյա կրթական համակարգի 1-ին շրջանավարտներն էին: Հուզված, բայց նաև հպարտությամբ աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախին՝ խոստանալով միշտ բարձր պահել հարազատ դարձած դպրոցի պատիվը: Շրջանավարտներն ուսուցիչներին իրենց երախտագիտությունը հայտնեցին բանաստեղծություններով, շնորհակալական խոսքերով, երաժշտական, պարային կատարումներով և վստահեցրին, որ վարժարանում են սովորել պայքարի ու հաղթանակի արժեքն ու գինը: Նրանք վստահ են՝ իրենց դպրոցական կենսագրության ավարտին պատրաստ են նոր կյանք մտնել որպես հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր լի են նոր հույսերով, ակնկալիքներով, սպասումներով: Խոստովանում են՝ լավ մարդ դառնալու ճանապարհին վարժարանային երեք տարիները սովորեցրել են, որ դժվարություններ չկան, երբ կա ցանկություն:Աշակերտները միակարծիք են՝ հիմա իրենք ավելի հասուն են, գիտակից՝ ուսուցիչների խորհուրդները հասկանալու, ընկալելու և դրանցով առաջնորդվելու համար:«Լինել մարդասեր, ազնիվ, արժանապատիվ, մտածել ինքնուրույն, ուրախանալ, հույս և հավատ ունենալ անգամ ամենափոքրիկ հաղթանակներից. դրանք են արդարության ճանապարհի մշտարթուն ուղեկիցները․-այս պատգամներն են առանձնացնում աշակերտները և վստահաբար շարունակում,- դուռդ բա՛ց, երիտասարդությու՛ն, 100-ամյա Առաջին Հանրապետության սերունդն է գալիս»: Ապագա լրագրողները, հոգեբանները, նկարիչները, բնագետներն ու լեզվաբանները գնում են իրենց երազանքների հետևից և հենց բեմից խոստանում՝ չսողալ, չընկրկել ոչնչի առաջ, իսկ մեկ բառով՝ մնալ մարդ: Բուհի ռեկտորատի անունից աշակերտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով ծնողներին՝ իրենց երեխաների՝ կրթություն ստանալու ճակատագիրը ՀՊՄՀ-ի վարժարանի հետ կապելու համար, վարժարանի տնօրենությանն ու ուսուցիչներին՝ մասնագիտական հմտություններն ու կարողություններն աշակերտներին փոխանցելու և հոգատարության համար:Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց տարվա բոլոր շրջանավարտներին՝ այդքան սպասված և քննադատված 12-ամյա կրթահամակարգի  բոլոր փորձություններից և փորձարկումնրից պատվով դուրս գալու համար:

Նաիրա Սաֆարյանը հպարտ է, որ վարժարանի շրջանավարտների բանակը համալրվեց ևս 100-ով, իսկ կրթօջախի պատմության էջերը հարստացան նրանց հաջողություններով ու ձեռքբերումներով:«Սիրելի՛ շրջանավարտներ, գիտեմ, որ ունեք պատանեկան բազում երազանքներ, ուստի կոչ եմ անում բոլորիդ ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում»,-հավելեց վարժարանի տնօրենը:

«Վերջին զանգ»-ի տոնական այս հանդիսությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝ այս տարվա շրջանավարտները նույնպես գիտակցում են, որ սա վերջը չէ, այլ նորի գեղեցիկ սկիզբն է: Որպես երիտասարդության շեմին կանգնած մերօրյա երիտասարդներ՝ իրենց հաջորդողներին հորդորեցին՝ բարձր պահել վարժարանի անունն ու նրա նորօրյա պատմությունը կերտել մեծ հպարտությամբ ու նորանոր ձեռքբերումներով:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software