Միջոցառումներ

Մայիսյան եռատոնին ընդառաջ


ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը մայիսյան հաղթանակների առթիվ կազմակերպել էր «Մայիսյան եռատոն» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներին:

Լինե՞լ, թե՞ չլինել հարցադրմամբ և լինելու հաստատակամ որոշմամբ մեկնարկած միջոցառման սկիզբը նվիրված էր Սարդարապատի հերոսամարտին. «Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարի զավակները համախմբվեցին մեկ զորքի շուրջ և կռվեցին հանուն հարազատ ժողովրդի ֆիզիկական գոյության, խոցված հայրենիքի վերքերի ապավինման, ազատության և անկախության վերականգման, գալիք սերունդների լուսավոր ապագայի, հզոր պետականության վեհ գաղափարի, կռվեցին ու հաղթեցին»,-նկատեցին վարժարանի սաները:

Փոքրիկ բեմադրության միջոցով ներկայացվեց նաև հերոսամարտի ընթացքում ծավալված կարևորագույն իրադարձություններից հատվածներ՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի, պետական գործիչներ Արամ Մանուկյանի և Գարեգին Նժդեհի միահամուռ ջանքերը, պետականության կայացմանն ուղղված նրանց քայլերը:

Սարդարապատի հերոսական հաղթանակից անցում հայ ժողովրդի համար կարևոր մեկ այլ իրադարձության՝ Առաջին հանրապետության ձևավորման պատմական անհրաժետությանը.«Ես հայրենիքս գրկած եմ ապրում, որ ամենուրեք նրա շունչը զգամ, ես հայրենիքս գրկած եմ ապրում, որ ազնիվ տոհմի արյան կանչը ժառանգեմ».աշակերտների սիրո խոսոտվանությունը հայրենիքին և ազատության վալսն «ընդհատվում է» Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկով:
Ինչպես հատուկ է հայրենիքն անձնվիրաբար ծառայած հային՝ ավելի քան 600.000-ից մարդ մասնակցեց Մեծ հայրենականին, որոնցից 106-ն արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման՝ աշակերտները մեծ հպարտությամբ ներկայացրին պատմական փաստն ու անդրադարձան մայիսյան հաղթանակներն ամբողջացնող եռատոնին՝ Շուշիի «մաքրման» գործողությանն ու մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրելուն.«Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.բարձունքը մերն է, տղեքը չկան…»:

ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտները սակայն վստահ են՝ հայը կռվում է խիզախ ու անձնվեր, կռվում ու հաղթում է նաև այսօր.դրա ապացույցը՝ նրանց ցերեկույթը եզրափակող հայի դարեդար եկած ռազմական պարն է՝ Յարխուշտան:

«Սա 11-րդ դասարանի հումանիտար հոսքի լրագրության աշակետների և առհասարակ վարժարանի սաների փոքրիկ ներրդումն է մեր երկրի համար, ինչը ևս ոգևորող քայլ է մեր օրերում: Սա բոլորին մեր պատմությունը հիշեցնելու, համախմբման մի քայլ է: Միջոցառումը նպաստեց գիտակցությանը, որ հենց իրենք են մեր երկրի պաշտպանները, և մենք մեր հույս հենց նրանց վրա պետք է դնենք»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, հասարակագիտության ուսուցչուհի Մերի Վենգրժանովիչը:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն էլ ներկաներին շնորհավորեց եռատոնի առթիվ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software