Միջոցառումներ

Մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանում


Հայաստանում հայտարարված «Մեդիագրագիտության շաբաթը» նախագծի շրջանակում ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ հեռուստատեսության, ռադիոյի և համացանցի լրատվական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենիա» ՀԸ լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր, ՀՊՄՀ դասախոս Գնել Նալբանդյանը վարժարանի սաներին ներկայացրեց անկողմնակալ, ճշգրիտ և պրոֆեսիոնալ լրատվության կարևորությունը՝ ընդգծելով, որ լրագրողների առաքելությունն է բավարարել լսարանի տեղեկություն ստանալու իրավունքը, և այդ գործառույթը ենթադրում է մեծ պատասխանատվություն և ոսկերչական աշխատանք յուրաքանչյուր ռեպորտաժ, հոդված պատրաստելիս։

Նախագծի շրջանակում վարժարանի աշակերտները հյուրընկալեցին 24news.am կայքի պատասխանատու, հարցազրուցավար, ՀՊՄՀ շրջանավարտ Աննա Դանիելյանին։ Թե ինչպես զրուցել հասարակական-քաղաքական գործիչների հետ, ինչպես պահել մեդիագրագիտության պահանջները, մանրամասնեց լրագրողը՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր հանդիպմանը, զրույցին պետք է նախապես պատրաստվել, լիարժեք ուսումնասիրել բոլոր թեմաները և հետո միայն հայտնվել եթերում՝ հյուրի առջև։

Մեդիագրագիտության տեսական դասընթացներին զուգահեռ վարժարանի սաներն այցելեցին նաև ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ, որտեղ ծանոթացան համալսարանում գործող նկարահանման ստուդիայի պայմաններին, ձայնագրման տաղավարին, նկարահանող սարքավորումներին և ապագա լրագրողների գործնական պարապմունքներին։ Այստեղ դասախոսները և ուսանողները պատասխանեցին աշակերտների հարցերին և սահմանեցին լրագրող դառնալու ճանապարհը, որը ենթադրում է տեսական մեծ պաշարի յուրացում և փորձ, որը տալիս են ավագ գործընկերները՝ առաջին քայլերը կատարելու համար։

Շաբաթն ավարտվեց ուսուցչի հետ բաց դասով։ Լրագրող Դավիթ Դավթյանը ներկայացրեց մեդիագրագիտության դերն ու նշանակությունը լրագրության տարբեր ոլորտներում` մասնավորապես նշելով, որ լրագրողի բանավոր և գրավոր խոսքը խոշորացույցի տակ է.  լեզվական և մասնագիտական սխալները կարող են վնասել լրագրողի, նրա ներկայացրած ԶԼՄ-ի հեղինակությանը։

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software