Միջոցառումներ

Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց


Մեծանուն գրող Պարույր Սևակի այս խոսքերը մեռնող չեն, դրանք արդիական են բոլոր ժամանակներում, սկսած այն օրից, երբ փորձեցին մեզ սպանել ու ոչնչացնել: 1915 թվականին թուրքական կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանությանը զոհ գնաց ավելի քան 1.5 միլիոն հայ: Ամեն տարի ապրիլի 24-ին (այդ օրը սպանվեց մոտ 600 հայ մտավորական) հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը բազմամարդ է: հայերը միանման են սգում, ազգովի են դատապարտում, հիշում ու պահանջում: Աշխարհի տարբեր ծագերից այդ օրը Ծիծեռնակաբերդում հավաքվում են բոլոր հայերը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին ՀՊՄՀ-ն կազմակերպել էր մեծ երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որին իր ակտիվ մասնակցությունը ունեցավ նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանը: Երթին մասնակցում էին մեծ թվով աշակերտներ և ողջ ուսուցչական կազմը: Աշակերտներն ու ուսուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, ծաղիկներ դրեցին և անմար կրակի շուրջ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Արդեն ավանդույթ դարձած երթից հետո աշակերտները մի բան են պահանջում՝ արդար հատուցում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ վարժարանն ունեցավ հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հույս ունենք, որ կգա մի օր, երբ մենք չենք պահանջի. մենք կունենանք այն ամենը, ինչը պատմականորեն մերն է, մենք կվերականգնենք մեր հին հայրենիքը, մենք դարձյալ կունենք մեր երազանքների միացյալ Հայաստանը:

Հումանիտար (լրագրություն) հոսքի  11-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Արշակյան

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software