Միջոցառումներ

Վարժարանցիները ներկա էին ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար (հոգեբանություն) հոսքի 10-րդ դասարանի աշակերտները, պատմության ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանը, աշակերտական խորհրդի որոշ անդամներ: 
    Աշակերտներին հանդիպեցին գիտական կազմակերպությունների տնօրենները, մասնագետները, ներկայացրին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, կիրառական նշանակության մշակումների նախատիպերը, հրատարակված գիտական աշխատանքները:   
    Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ՀՀ ԳԱԱ ստեղծման պատմությանը, արդի գիտահետազոտական կառուցվածքին, գիտական պոտենցիալին, հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ֆիզիկական գիտությունների տաղավարում աշակերտները հետաքրքրվեցին աճեցված բյուրեղներով, հատուկ և բժշկական նշանակության միկրոալիքային սարքավորումներով: 
    Հնագիտության և երկրաբանության տաղավարներում նրանց ուշադրությունը գրավեցին մ.թ.ա. 20-22-րդ դարերի ժամանակաշրջանի գտածոները և յուրահատուկ հանքաքարերի նմուշները:
    Բնական գիտությունների տաղավարում աշակերտներին ցուցադրվեցին մոլեկուլիար կենսաբանության և գենետիկայի ուղղությամբ կատարվող հետազոտությունների արդյունքները, որոնք կիրառվում են բժշկության մեջ: 
    Քիմիական գիտությունների տաղավարում ներկայացվեցին կենսաբանական եղանակով նոր նյութերի, դեղամիջոցների ստացման գործընթացները:
    Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի տաղավարում աշակերտները ծանոթացան տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման և զարգացման գործընթացներին:
    Աշակերտները ցանկություն հայտնեցին  այցելել ակադեմիական ինստիտուտներ ավելի մանրամասնորեն ծանթանալու գիտական լաբորատորիաներին և մասնակցելու գիտափորձերին: Աշակերտները վերադարձան մեծ տպավորություններով և  նոր ցուցահանդեսների ակնկալիքով:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software