Միջոցառումներ

Վարժարանցիները ներկա էին առաջին կուրսեցիների երդմնակալությանը


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված ուսանողները դեռ երկար կհիշեն երդման ավանդական դարձած միջոցառումը: Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 9-ին հանդիսավոր կերպով երդվեցին լինել արժանապատիվ  ուսուցիչներ՝ «Երդվում ենք դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինենք դարերի կանչին»՝ արձագանքեցին ուսանողները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՊՄՀ-ի ապագա դիմորդները՝ հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) աշակերտները` «ՀՊՄՀ Դիմորդ 2020» գրությամբ փուչիկներով։

Միջոցառման  մեկնարկը ազդարարվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյուններով:

Տոնական գունեղ փուչիկներով, կարգախոսներով և բարձր տրամադրությամբ էր լցվել մեծ լուսավորչի խորհուրդներն իր մեջ ամփոփող տան բակը, իսկ ուսանողներին շնորհավորելու էին եկել բուհի ղեկավարությունը, դասախոսներ և հյուրեր:

 Ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ապագա ուսուցիչներին հորդորեց՝ հավատարիմ մնալ չորս պատգամի. «Մայրենի լեզուն սովորեք և պահպանեք, ինչ առարկա էլ դասավանդելու լինեք, ուսումնասիրեք և պահպանեք հայ ժողովրդի պատմությունը, հպարտացեք նրանով, հավատարիմ եղեք քրիստոնեական ավանդույթներին, հայ եկեղեցին մեզ պահող կարևորագույն հաստատությունն է, պատմության բոլոր դեգերումների ընթացքում մեզ ուժ է տվել հայկական ընտանիքը, սիրեք և հարգեք ձեր ընտանիքները և ծնողներին, որ ձեր զավակներն էլ ձեզ սիրեն»:

Միջոցառումը ամփոփվեց տոնական համերգային ծրագրով:

Վարժարանի աշակերտները վերադարձան շատ տպավորված` ապագայում ՀՊՄՀ-ի ուսանողների շարքերը համալրելու անձնական խոստումով:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software