Միջոցառումներ

Ո՞վ է լավագույն աշակերտը


«Փիլիսոփաները պնդում են, որ աշակերտը ոչ թե կարաս է, որն  անհրաժեշտ է լցնել, այլ ճրագ, որը պետք է վառել»,- ահա այս հավաստումով էլ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում մեկնարկվեց  «լավագույն աշակերտ» մրցանակաբաշխությունը:

Մրցույթն անցկացվեց մի քանի փուլով: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր դասարանի լավագույնին: Հաջորդ փուլում նրանցից ամեն մեկը հանդես եկավ ստեղծագործական որևէ  ներկայացումով. Դավիթը ներկայացրեց Սևակի բանասեղծություններից, Տիգրանը կիթառ նվագեց, Էլմիրան կարդաց իր գրած շարադրությունը. «Նամակը զինվորին», Աննան փայլեց լեզվական իմացությամբ, Էլենն էլ ներկաներին հիացրեց Սևակի դիմանկարի պատկերումով: Ապա մրցույթը շարունակվեց վիկտորինայով:  Միջոցառմանը նամակով իր խոսքն էր հղել նախորդ տարվա «լավագույն աշակերտ» տիտղոսին արժանացած Սարգիս Ղազարյանը: Նա իր նամակով հաջողություն էր մաղթել երեխաներին և  շեշտել էր. «վայելե՛ք ձեզ տրված հնարավորությունը՝ կրթվելու մեր հարազատ վարժարանում»:Սևակյան տողերին ու կիթառի հնչյուններին հաջորդեց քվեարկությունը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց  Դավիթ Վարդանյանը:

Տնօրեն Նաիրա Սաֆարյանն էլ նշեց, որ վարժարանի յուրաքանչյուր աշակերտ իր համար լավագույնն է, և շատերը կարող են լավագույնի տիտղոսին արժանանալ:

Շնորհավորում ենք հաղթողին, մրցույթի բոլոր մասնակիցներին մաղթում գլխապտույտ հաջողություններով լի տարի:

Թող բոլոր բարձունքները հաղթված լինեն...

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software