Բուհ-դպրոց համագործակցություն

01.03.2024

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում ՀՊՄՀ-ում էին Հենակետային վարժարանի անգլերեն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները։

Ի՞նչ է սթրեսը, որո՞նք են դրա առաջացման պատճառները, ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կանխարգելման միջոցները և այլն Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում հյուրընկալված վարժարանցիները նշեցին՝ մասնագետներ չեն, սակայն թեմայի վերաբերյալ կատարել են փոքրիկ հետազոտություն և որոշել ներակայացնել ապագա հոգեբաններին։

Բաց դասին ներկա էին ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ղեկավար կազմը, ուսանողներ։

Դասն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով վարժարանի սաները անգլերենով ներկայացրին թեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ապա համագործակցության, հարց ու պատասխանի միջոցով փորձեցին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ գիտական հիմնավորումներով։

ՀՊՄՀ ուսանողները, ապագա հոգեբանները կարևորեցին սթրեսի հաղթահարման դեպքում մասնագետի հետ աշխատանքը, անդրադարձան ճգնաժամային տարիքային խմբերին, խոսեցին նրանց վրա սթրեսի ազդեցության մասին, ներկայացրին չվնասելու մի քանի կարևոր կանոն։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ հոգեբանությունը խորը գիտություն է հեշտ չէ հասկանալ մարդու հոգեկանը։ Նշում է՝ հսկայական աշխատանք էր կատարված վարժարանի սաները զարմացրին ոչ միայն թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքներով, այլև անգլերենի գերազանց իմացությամբ։

«Բժիշկը բուժում է հիվանդությունը, հոգեբանը՝ հիվանդին»,-հիշեցնում է դեկան Պետրոսյանը, որ նաև մասնագիտությամբ հոգեբան է։ Վստահ է՝ մասնագիտությունն այսուհետ էլ ավելի կհետաքրքիր վարժարանցիներին նրանցից շատերը գուցե համալրեն ուսանողների շարքերը։

ՀՊՄՀ պրոռեկտոր, Հենակետային վարժարանի երկարամյա տնօրեն Նաիրա Սաֆարյանը կրկնակի հպարտ է ինչպես միշտ, այսօր էլ, կրթական երկու հաստատությունների համագործակցությունը ստացված է համարում։

Հիշեցնում է՝ վարժարանն այսօր հանրակրթության ոլորտում առաջատար դիրքերում է, մյուս կողմից՝ բուհը, իր որդեգրած քաղաքականությամբ, տալիս է մրցունակ շրջանավարտներ։ Նաիրա Սաֆարյանը նկատում է՝ վարժարանում հոգեբանության ենթահոսք ունենալու գաղափարն իրենն է եղել տարբեր տարիներին առարկան դասավանդել են ֆակուլտետի շրջանավարտները։

Պրոռեկտորը կարծում է, որ անկախ հոսքից, առարկան պետք է դասավանդվի ավագ դպրոցում այն հետաքրքիր է աշակերտներին, որոնք իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում են անձամբ մասնագետից։ Նաիրա Սաֆարյանը չի թաքցնում՝ դասն արդյունավետ էր երկուստեք շատ բան սովորեցին, իսկ անգլերենով վարժ հաղորդակցումն ամենատպավորիչն էր։

«Սովորոցնելով սովորում ենք» Կրթության հոգաբնության և սոցիոլոգիայի ֆակուլտետում դպրոց-բուհ համագործակցությունը ստացված են համարում։ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիդա Արամյանը դասապրոցեսն արդյունավետ մեթոդ և փորձարարական գործընթաց է համարում։ Կարծում է՝ դասապրոցեսի շրջանակներում գիտելիք հաղորդելը, մասնագիտական տեղեկատվություն փոխանցելն ուսանողներին կօգնի նույնը վարպետորեն կիրառել պրակտիկայի, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ընթացքում։

Հենակետային ավագ դպրոց վարժարանի անգլերենի ուսուցչուհի Աննա Մայիլյանն էլ վստահեցնում է՝ անգլերենի հերթական դասն էր։ Նշում է՝ խմբային աշխատանքները դասապրոցեսի մաս են կազմում արդիական թեմայի շրջանակում որոշեցին ապահովել դպրոցի կապը մանկավարժական մայր բուհի հետ՝ ակտիվացնելով նաև համագործակցությունը։

Վարժարանում վստահ են՝ աշակերտները շատ բան ունեն սովորելու ուսանողներից լիահույս են՝ համատեղ նախագիծը երկար սպասեցնել չի տա, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա իրենց կրթօջախում։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software