ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր նշեցին Գիրք նվիրելու օրը։ Ֆակուլտետը տոնի առթիվ հյուրընկալել էր բուհի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ բաժնում սովորող աշակերտներին՝ բազմաբնույթ միջոցառումներով նշելու և նշանավորելու օրը։
Դեկան Արա Հակոբյանն արվեստի միջավայրում ներկայացրեց ֆակուլտետը, գործող 7 մասնագիտություններն ու նկատեց՝ աշխարհի որ անկյունում էլ լինեն, արվեստի լեզուն մեկն է։ Արվեստագետ-մանկավարժը խոսեց նաև գրքի ստեղծման, ավանդույթների մասին և ընդգծեց՝ դրա հիմքում ևս արվեստն է․ չէ՞ որ պատկերազարդումները ևս մշակութային արժեք են։
Ի դեպ, ֆակուլտետում պատկերազարդում, գրքի ձևավորում են դասավանդում մեր հանրապետությունում այդ ոլորտի լավագույն մասնագետները․ այդ մասին էին վկայում նաև տոնի առթիվ ցուցադրության ներկայացված ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից միջոցներով պատրաստված դասախոսների և ուսանողների հեղինակած գրքերի յուրօրինակ պատկերազարդումները։
Մշակութային միջոցառումը Գեղարվեստական կրթության ֆակուլտետում շարունակվեց դասախոսությամբ․ ՀՊՄՀ շրջանավարտ, Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի «Արվեստի պատմություն» առարկայի ուսուցիչ Արփինե Թորիկյանն աշակերտներին ներկայացրեց գրքի նկարազարդման էվոլյուցիան Հայաստանում՝ միջնադարյան ձեռագիր մատյաններից մինչև ժամանակակից թվային լուծումներով ստեղծված։
Տոնի շրջանակներում աշակերտների համար անցկացվեցին նաև վարպետաց դասեր․ ուսանողները շրջեցին ֆակուլտետում, եղան արվեստանոցներում, տեղում տեսան և ծանոթացան նաև լինոփորագրությանը։