Նախագծային աշխատանք՝ «Թումանյանի հերոսները․ հեքիաթ և իրականություն»

16.10.2025

 Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհը ուսանելի է ,թովիչ ու հոգեհարազատ ցանկացած տարիքի մարդու համար: Վարժարանի 11-րդ դասարանցիները՝ «Հայոց լեզու և գրականություն» ենթահոսքից, ներկայացրին նախագծային աշխատանքը՝ «Թումանյանի հերոսները․ հեքիաթ և իրականություն» խորագրով՝ հրավիրելով Թումանյանի հեքիաթների հերոսներին մեր սիրելի վարժարան: Սովորողները իրենց վառ երևակայությամբ հորինել էին նոր՝ իրականության հետ աղերսներ ունեցող մի հեքիաթ, որի հերոսները Թումանյանի հեքիաթներից էին՝ Չախ-չախ թագավոր, Քաջ Նազար, Անբան Հուռի, Անխելք մարդ, Շունն ու կատու, Պոչատ աղվես, Ծիտ․․․ Թումանյանական հեքիաթների հերոսները Չախ-չախ թագավորի հրամանով ու հորդորով պետք է հաղթեին հրեշին և Եդեմական ծաղիկը հասցնեին պալատ՝ թագավորի աղջկան։ Թումանյանական հերոսներին կերպավորող աշակերտ-խոսող տիկնիկների խաղն այնքան հետաքրքիր էր ու գրավիչ՝ կարծես հանդիսատեսը գտնվում էր Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Տասներորդցիների խոսքն այնքան վարժ էր, խաղն այնքան ներկայանալի․ Լոռվա գունագեղ կոլորիտով լցված դահլիճում թևածում էին Մեծ լոռեցու ստեղծագործությունների շունչն ու ոգին․․․ Իսկ հերոսները թեև հրեշին գտնելու դժվարությունները հաղթահարելու ողջ ընթացքում երբեմն-երբեմն «կծում էին» իրար, հիշեցնում հեքիաթում իրենց բնորոշ գծերը, այնուամենայնիվ, միասնական ջանքերով կարողացան հաղթել հրեշին։ Տիկնիկային հեքիաթ-ներկայացումն ընթանում էր ժողովրդական հայտնի երգերի համադրմամբ՝ ստեղծելով հեքիաթին բնորոշ միջավայր։ Հեքիաթի եզրափակիչ խոսքում ընդգծեցին՝ միասնությունը ուժ է, միայն միասնական ջանքերով, համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ կարելի է հասնել նպատակներին։ Այդպես էլ տիկնիկ-հերոսների խումբը կարողացավ թագավորական պալատ հասցնել Եդեմական ծաղիկը, իսկ հեքիաթի երեք խնձորներն այս անգամ այլ հասցեատերերի բաժին հանելով՝ երկնքից երեք խնձոր է ընկնում՝ մեկը՝ Թումանյանին, մեկը մեզ՝ 11 լրագրողներիս, մյուսն էլ՝ հավերժական հայ ազգին:

Ներկայացմանը ներկա էր նաև ՀՊՄՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը: Նա իր խոսքում ոգևորեց սովորողներին՝ կարևորելով նրանց ստեղծագործ միտքը, երևակայությունը, համախմբված աշխատանքը: Ինչպես նաև ընդգծեց միասնական լինելու գաղափարը, որը նաև դրված էր նախագծային աշխատանքի հիմքում:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software