Միջոցառումներ
«․․․․ Հոգին դուրսը պիտի լինի, մարմինը՝ ներսը»։
Լ․ Խեչոյան
Լևոն Խեչոյանը հավատացած էր՝ «...․գալու է հայոց աշխարհի կապանքները փշրելու, վերելքի ժամանակը»։ Վարժարանականները հավատում են վիպասացին ու նրա մատնանշած ճանապարհով գնում են Սասուն։
Ընթերցանության տարվա շրջանակում հայոց լեզվի և գրականության հոսքի 11-րդ դասարանի աշակերտները գրականության ժամին կազմակերպել էին Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի քննարկում՝ զուգահեռ ընթերցումների ձևաչափով։ Այն ծավալվեց հիմնականում երեք թեմայի շուրջ՝ «Էպոսի խորհրդանշանները», «Համահավաք բնագրի և Լևոն Խեչոյանի վեպի տարբերությունները» և «Էպոսի կանայք»։ Աշակերտները վերլուծեցին կերպարները՝ անդրադառնալով նրանց բնավորությանը, արտաքինին, ուժին և դիվանագիտական քայլերին։ Առանձին ուշադրություն դարձվեց էպոսի կանանց և նրանց դերին իրադարձությունների ընթացքում։
Համեմատելով համահավաք բնագիրը Խեչոյանի վեպի հետ՝ մասնակիցները առանձնացրին երկու տեքստերի ընդհանրություններն ու տարբերությունները, թաքնվագրված իմաստները։ Կարևորեցին պատումների իմացության դերը դյուցազնավեպը էլ ավելի խորությամբ ընկալելու հարցում։ Ընթերցողները վստահ են՝ էպոսը ժողովրդի ենթագիտակցության համակարգն է։ Նրա ընթերցումը օգնում է ձևավորել պետական մտածողություն, ճանաչել ազգային ինքնությունը, պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին։ Դա կարծես անքակտելի կապն է մեր հիշողության ու վաղվա լուսավոր ապագայի։ Քննարկումն ավարտվեց, սակայն սպասումը, որ Մհերը գալու է, դեռ կմնա երկար։
Նելլի Մուրադյան
Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի