ՀՊՄՀ հենակետային վարժարանի սանների այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր 110 տարի անց՝ հիշել, փոխանցել, պահանջել… Հայոց ցեղասպանության 110-ամյակը միայն հիշողություն չէ, այլ պարտականություն՝ հատկապես երիտասարդ սերնդի համար։ Այս օրը միաժամանակ վշտի և պատասխանատվության խորհուրդ ունի. հիշել զոհերին, փոխանցել ճշմարտությունը սերունդներին ու շարունակել պայքարը՝ պատմական արդարության համար։ Ցեղասպանությունը միայն անցյալ չէ, այն ներկա է, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը։ ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-11-րդ դասարանի աշակերտները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։ Այս այցը նրանց համար դարձավ հուզիչ ու խորախորհուրդ փորձառություն։ Ծաղկահավաքի խոնարհումը ոչ միայն հարգանքի արտահայտություն էր, այլ նաև մի խորհրդանշական կապ մեր հին արմատների հետ։ Աշակերտների խոսքերով՝ հուշահամալիրում գտնվելիս իրենք ապրել են հուզմունք, թախիծ, վրեժ ու ցավի խոր զգացումներ։ Այդ ապրումները ցույց են տալիս, որ ազգային հիշողությունը կենդանի է, և որ այս սերունդը պատրաստ է պահել ու փոխանցել այն՝ որպես հավաքական հիշողություն և պայքարող ոգի։
ՀՊՄՀ Հենակետային վարժարանի ուսուցիչ՝ Խ. Խամիսյան